Մարտի 1-ին՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն Ազատության հրապարակում սովորականի պես հայտնվեց թեժ քննարկումների կիզակետում:
ՀԱԿ համակիր Առաքել Սեմիրջյանը քննարկումներին հանգիստ է վերաբերում, քանի որ կարծում է' Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները միշտ էլ լայն արձագանք են ունենում և մի քանի ամիս շարունակ քաղաքական օրակարգ ձևավորում:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Առաքել Սեմիրջյանն ասաց. «Տեր-Պետրոսյանի ցանկացած խոսքից հետո մեկ շաբաթ ամբողջ քաղաքական դաշտն այդ հարցը քննարկում է: Ես միայն ուրախանում եմ դրանով, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած ելույթ քաղաքական օրակարգ է ձևավորում Հայաստանում: Կախված նրա ելույթի որակից՝ մինչև երեք ամիս քաղաքական դաշտը պտտվում է ելույթի առանցքի շուրջ: Բնական է՝ որևէ բացասական խնդիր չկա, բայց ամենահետաքրքիրն այն է, որ վերջում գալիս են այն եզրահանգման, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր»:
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի' Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եվրաինտեգրումը տեսանելի ապագայում՝ անհնարին:
Առաքել Սեմիրջյանի կարծիքով՝ վերջինս պարզագույն ճշմարտություն է ասել. «Եթե զարմանք է պատճառում, ապա մարդկանց խնդիրն է: Եթե ես հիմա հայտարարում եմ, որ բաժակը ջարդված է, և հնարավոր չէ այն իր նախկին տեսքին վերադարձնել, մարդիկ պնդում են, որ բաժակը ջարդված չէ: Ի՞նչ կարող ես ասել այն մարդկանց, որ եղելությունը, փաստը չեն կարողանում ընկալել: Տեր-Պետրոսյանն սխալված կլինի միայն այն դեպքում, եթե Մաքսային Միությունը չկայանա. այդ ժամանակ բոլոր խոսողները կարող են հայտարարել, որ Տեր-Պետրոսյանը սխալվել է և ՄՄ-ին միանալն անշրջելի չէր»:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն եզրույթին, թե ինչով է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից, մեր զրուցակցի կարծիքով քաղաքական նմանությունն այն է, որ քաղաքացին, ցանկացած օլիգարխ, տեսնում է, որ իր երկիրը վատ վիճակում է և չի վախենում իր ստեղծած կապիտալը ներդնել ժողովրդի բարեկեցության համար. «Մանրուքներով' հա' մեկը ջինս է հագնում, մյուսը' կոստյում, բայց դա չէ էականը»,-ասաց Սեմիրջյանը:
«Ինչո՞ւ են մենակ Իվանիշվիլիին համեմատում, Ռենատ Ախմետովին ու Սերգեյ Տիգիպկոյին էլ է օրինակ բերել, ինչո՞ւ նրանց չեն ասում:
Եթե չի ցանկանում Ծառուկյանն ինչ-որ բան փոխել, ապա ի՞նչն է խանգարում իրեն կոալիցիա մտնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը: