Եթե հարաբերությունների հիմքն ի սկզբանե սխալ է դրվում, ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում եղավ, ապա ավելի լավ է դրանք չշարունակել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Ես ուրախ եմ, որ Թուրքիայի իշխանությունների պահվածքի պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դադարեցվել է: Հակառակ դեպքում, դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարին իրավիճակում կհայտնվեին Հայաստանի իշխանությունները»,- նշել է Սաֆարյանը: Ըստ նրա՝ փաստացի պարզվեց, որ Հայաստանը պատրաստ չէր հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների հաստատմանը. «Ավելի լավ կլինի, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգանան քաղաքացիական հասարակության մակարդակով»:
Սաֆարյանը նաեւ հիշեցրել է, որ «Ժառանգություն» կուսակցությունն անհրաժեշտ է համարում հայ-թուրքական արձանագրություններից Երեւանի ստորագրությունը հետ կանչելը, քանի որ եթե խնդիրը սահմանի բացումն էր, դա կարելի էր անել նաեւ առանց նշված փաստաթղթի: