Ադրբեջանից հայրենադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հավաստի աղբյուրները:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հայրենադարձվել է մարտի 4-ին՝ ԿԽՄԿ հովանու ներքո: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունան մարտի 4-ին տարածած հաղորդագրության համաձայն' հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռար ձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում: Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն:
Մամիկոն Խոջոյանը մարտի 6-ին, ժամը 17 30-ի սահմաններում, հարազատների և բժշկի ուղեկցությամբ Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Երևանում Խոջոյանը կանցնի հետազոտություններ՝ արյան, համակարգչային շերտագրում, ռենտգեն, որից հետո միայն պարզ կդառնա բուժման հետագա ընթացքը:
Ավելի քան մեկ ամիս առաջ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ուներ հոգեկան խնդիրներ, անուշադրության պատճառով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու հայտնվել ադրբեջանական կողմում, ուր նրան որակել էին որպես դիվերսանտ կամ նրան ուղեկցող անձ: Այդ մոտեցումը քննադատության էր արժանացել հենց ադրբեջանցիների կողմից: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնեւյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: Մարտի 4-ին Մամիկոն Խոջոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո վերադարձվել է Հայաստան: Նրան անմիջապես տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, ուր նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր: Պարզվել է, որ նա ունի նաև հրազենային վնասվածք: