Վանի Չաթաք շրջանում 100 տարի առաջ հայ հավատացյալներին ծառայած, իսկ 30 տարի առաջ որպես դպրոց օգտագործված հայկական եկեղեցին այժմ որպես խոտի պահեստ է օգտագործվում։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը, պատմական եկեղեցին այժմ ցավալի իրավիճակում է հայտնվել։ Անտերության մատնված նախկին եկեղեցին ու դպրոցն այժմ գյուղացիներն օգտագործում են անասունների ձմեռվա պաշարը պահելու համար։

 

Եկեղեցու մի մասը, սակայն, դեռ կանգուն է և գյուղացիներն իրենց միջոցներով փորձում են կանխել դրա փլուզումը։

 

Գյուղացիներից Սելիմ Գուրբանը պատմում է, որ տարիներ առաջ զբոսաշրջիկներ են եկել եկեղեցին տեսնելու, սակայն դրանից հետո ոչ ոք եկեղեցուն «տեր չի կանգնել»։ Նա նշել է, որ իրենց ցավ է պատճառում եկեղեցու վիճակը և պահանջում են վերականգնել այն։

 

«Այս եկեղեցին շատ թանկ է մեզ համար, քանի որ այն տարիներին, երբ գյուղում դպրոց չկար, շատերն են դպրոցի վերածված այդ եկեղեցում նախնական կրթություն ստացել։ Մեր գյուղացիներից երկուսը կանխում են եկեղեցու փլուզումն ու օգտագործում են տարածքը։ Եթե նրանք չլինեին, եկեղեցին վաղուց ավերված կլիներ։ Նրանք եկեղեցու առաստաղին փայտեր դրեցին և տանիքը հողով ծածկեցին։ Պահանջում ենք, որ պաշտոնյաները վերականգնեն եկեղեցին և այն օգտագործեն զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով»,-ասել է նա։