Ութ երկրների օդային ու ծովային ուժերի մասնակցությամբ շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը Հարավչինական ծովում, որի վրա անհետացել է Կուալա-Լումպուրից Պեկին ընթացող Boeing 777-200 ինքնաթիռը: Այդ մասին հաղորդել է «Մալայզիայի ավիաուղիներ» ավիաընկերությունը, որին պատկանում է ինքնաթիռը:

 

«Չնայած արդյունքների բացակայությանը, մենք շարունակում ենք որոնումները: Փրկարարների ջանքերը համակարգում է Մալայզիայի քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտը»,-ասված է ավիափոխադրողի հաղորդագրության մեջ: Մալայզիայից բացի, գործողության անցկացման շրջան իրենց օդային կամ ծովային նավերն են ուղարկել Ավստրալիան, Չինաստանը, Թաիլանդը, Ինդոնեզիան, Սինգապուրը, Վիետնամը, Ֆիլիպինները, ԱՄՆ-ն:

 

Հիշեցնենք, որ ինքնաթիռի հետ կապը, որտեղ գտնվում էին 227 ուղևորներ և անձնակազմի 12 անդամներ, կտրվել էր մարտի 7-ին Երևանի ժամանակով ժամը 22:40-ին Մալայզիայի մայրաքաղաքից թռիչքից երկու ժամ անց: Այդ պահին հանրանավը գտնվում էր Հարավչինական ծովի վրա՝ Կոտա-Բարու քաղաքից 120 ծովային մղոն հեռավորության վրա:

 

Նախնական տվյալների համաձայն՝ օդանավում եղել են Չինաստանի 154 քաղաքացի, Մալայզիայի՝ 38, Հնդկաստանի՝ 5, Ինդոնեզիայի՝ 7, Ավստրալիայի՝ 7, ԱՄՆ-ի՝ 4, Ֆրանսիայի՝ 3, Նոր Զելանդիայի, Կանադայի և Ուկրաինայի՝ երկուական, Ռուսաստանի և Նիդերլանդների՝ մեկական քաղաքացիներ: