Համագործակցելու և միասնական օրակարգ ձևավորելու հարցում որևէ տարաձայնություն մենք չունենք: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը' անդրադառնալով իր և Ռուբեն Հակոբյանի միջև վերջերս ծագած տարաձայնություններին:
«Հակառակը, դա մի գաղափար է, որ առաջ է քաշել «Ժառանգությունը»' նրա ղեկավարը, և որին ոչ միայն հավատում ենք, այլ նաև անում ամեն ինչ' այդ ամենն իրականություն դարձնելու համար»,- ասաց Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է համագործակցության վերաբերյալ թերահավատությանը, ապա Սաֆարյանը նշեց, որ թերահավատություն արտահայտվել է տարբեր ղեկավարների ելույթներում արված տեսակետների հանդեպ:
«Ռուբեն Հակոբյանն այլ կերպ է նայում Տեր-Պետրոսյանի այն զուգահեռին, որը նա անց է կացրել Ծառուկյանի և Բիձինա Իվանիշվիլու միջև, ես' այլ կերպ, Ռուբեն Հակոբյանն այլ կերպ է նայում Մաքսային միությանը Տեր-Պետրոսյանի տված գնահատականին, ես' այլ կերպ: Տարբերություններն այս հարթության վրա են»,-ասաց Սաֆարյանը:
Հարցին, թե արդյո՞ք իր և Ռուբեն Հակոբյանի տարաձայնությունները կարո՞ղ են հանգեցնել կուսակցության տրոհման, Սաֆարյանն ասաց.
«Ես կարծում եմ, որ դա չափազանցություն է, որովհետև, տարաձայնությունները, բարեբախտաբար, այլ քաղաքական ղեկավարի արտահայտված մտքերի կապակցությամբ են, ինչը բնական ու նորմալ:
Երբ տարաձայնություններ առաջ գան' կուսակցության առաջ շարժվելու կապակցությամբ, կամ որևէ մեկս շեղվենք կուսակցության գծից, կարող են ասել: Ես կարծում եմ' այս պահին, մենք այդ իրավիճակը չունենք, ընդամենը գնահատականների շուրջ տարաձայնություններ են: Համենայն դեպս կուսակցության տրոհմամբ չի սպառնում»: