Մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո, հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին հանձնվեց առողջական լուրջ խնդիրներով: Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ժամանակ Մամիկոն Խոջոյանը ենթարկվեց դաժան վերաբերմունքի և խոշտանգումների: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: «Ադրբեջանի կողմից տեղի ունե ցավ իրենց բնորոշ հերթական վայրագությունը»,- նշեց Մուրադյանը:

 

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի նկատմամբ Ադրբեջանի դրսևորած անմարդկային վարքագիծը նորից ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է մնալ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման գոտի: Կրկին խախտվեցին մի շարք միջազգային կոնվենցիաներ, այդ թվում' Ժնեւյան 4-րդ կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:

 

Պատգամավորն ընդգծեց, որ ամբողջ մարդկության համար վտանգավոր սպառնալիք է ատելության քարոզչությունը ռասայական, էթնիկ կամ կրոնական հիմքերով, որի գլոբալ մակարդակով կանխարգելմանն ուղղված քայլերն ու գնահատականները կարող են կանխել հակամարտությունների սրումը, ողբերգությունները և մարդկության դեմ հանցագործությունները:

 

Նա հիշեցրեց, որ մարդու իրավունքներով զբաղվող շատ միջազգային կազմակերպություններ իրենց ահազանգն են հնչեցրել Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության ու մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դրսևորումների, հայերի հանդեպ ատելության քաղաքականության վերաբերյալ: «Իսկ ո՞րն է Ադրբեջանի վարքագիծը: Այն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները, այլև շարունակաբար նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները»,- ասաց Մուրադյանը:

 

Չնայած վերջերս Եվրոպական հանձնաժողովը իր զեկույցում անդրադարձել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից մշտապես բացասական վերաբերմունքին, և խորհուրդ է տվել Արդրբեջանի ղեկավարությանը ձեռնարկել պատշաճ քայլեր հայերի դեմ խտրականության և ատելության քարոզման բոլոր դեպքերի համար, բայց միևնույն է, Ադրբեջանը շարունակում է աչքի ընկնել ռասիզմի և անհանդուրժողականության վարքագծով:

 

Պատգամավորը հույս հայտնեց, որ իրեն կմիանան քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչները՝ ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնից կոչ անելու ՀՀ քաղաքացու խոշտանգման փաստը դարձնել միջազգային հանրության լայն քննարկման առարկա, ներկայացնել այն ողջ աշխարհին և օբյեկտիվորեն գնահատել Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարած անմարդկային վերաբերմունքը խաղաղ բնակչի նկատմամբ: Նրա խոսքով՝ Անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցառումներ, քանի որ տվյալ պահին կա ևս մեկ սահմանախախտման դեպք. Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը: