Շվեյցարիայի իշխանությունների հայտարարությունը' բողոքարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործի առնչությամբ ոչ միայն ողջունելի է, այլեւ սպասելի: 2013թ. դեկտեմբերին ՄԻԵԴ կայացրած որոշումը, մեղմ ասած, վիճելի է, այն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ:
Միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանի գնահատմամբ' ՄԻԵԴ-ը պետք է վերանայի իր որոշումն, առաջին հերթին ուշադրություն դարձնի այն փաստարկներին, որոնք իրենց հատուկ կարծիքում ներկայացրել են դատական կազմի մեծամասնության հետ անհամաձայնություն հայտնած երկու դատավորներ, ովքեր հանգամանալի եւ փաստարկված հիմնավորում էին հայերի ցեղասպանության իրողությունը, դրա միջազգային իրավական գնահատականը, միջազգային ճանաչման գործընթացը եւ հայերի ցեղասպանության ժխտողականության քրեականացման անհրաժեշտությունը: «Զարգացումները հիմք են են տալիս հուսալու, որ, այնուամենայնիվ, պատմական արդարության եւ միասնական իրավական դիրքորոշումների վրա հիմնված մոտեցումները կհաղթանակեն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վիգեն Քոչարյանը:
ՄԻԵԴ վճիռը նաեւ տարբերակված մոտեցում, իսկ ըստ էության' երկակի ստանդարտներ է նախատեսում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ, քանի, որ Հոլոքոստի ժխտողականությունը քրեական հանցագործություն է, մինչդեռ Հայոց ցեղասպանության պարագայում, ժխտումն ընդամենը ազատ խոսքի արտահայտում է համարվում: Վիգեն Քոչարյանի ներկայացմամբ' եթե ՄԻԵԴ-ը հօգուտ պատմական ճշմարտության վճիռ կայացնի, ապա սկզբունքային տարբերակում հայերի, հրեաների կամ մեկ այլ ցեղասպանության միջեւ չպետք է դրվի, ցանկացած տարբերակված մոտեցումն էլ կարող է խտրական դիտարկվել:
«Ցեղասպանությունների հանդեպ տարբերակված մոտեցումները որեւէ հիմնավորում չպետք է ունենան, հակառակը, անհրաժեշտ է միասնական և ընդհանուր իրավական գնահատական»,- ասաց Քոչարյանը' հավելելով, որ անկախ հանգամանքից, թե ՄԻԵԴ-ն ինչ որոշում կկայացնի, պետք է հստակ գիտակցել, որ դատավարության առանցքն ուղղակիորեն կապված չէ Հայոց ցեղասպանության հետ:
«Գործը ընթանում է կոնկրետ դեպքի եւ անձի գործողությունների, նրան պատժելու կամ չպատժելու, խոսքի ազատության սահմանների վերաբերյալ որոշակի խնդիրներ լուծելու շուրջ: Այլ հարց է, որ ցանկալի կլիներ, որ ՄԻԵԴ-ը ճիշտ կողմնորոշվեր խնդիրների մեջ եւ այնպիսի որոշում կայացներ, որը կհամապատասխաներ թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշներին, թե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման եւ նրանց ժառանգների իրավունքների պաշպանությանը»,-նշեց միջազգային իրավունքի մասնագետը:
Պաշտոնական հաղորդագրությամբ Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: Շվեյցարիան խնդրել էր գործը ՄԻԵԴ Գերագույն պալատ ուղղել մինչև մարտի 17-ը:
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի' շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: