Հայաստանյան ներքին շուկայում արդեն հայտնի «Լամանշ» դիզայն ստուդիան դուրս եկավ միջազգային հարթակ։ Ունենալով հարուստ փորձ՝ բնակելի և հասարակական (մշակութային, ժամանցային) համալիրների ներքին տարածքի կազմակերպման և դիզայնի ոլորտում, այն արդեն արժանացավ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող տարբեր պատվիրատուների ուշադրությանը:

 

Այս անգամ ստուդիայի դիզայներների առջև խնդիր էր դրված մեկ հարթության մեջ ներդաշնակել ռուսական մշակույթին բնորոշ ու հոգեհարազատ տարրերն ու եվրոպական կլասիցիզմի ոգուն հատուկ երանգները, ինչն առավելագույնս կյանքի կոչվեց հայազգի արհեստավարժ դիզայներների'Սյունե Սարգսյանի, Արփի Վարդանյանի և Կարեն Մկրտչյանի կողմից։ Եվ հեռավոր Կրասնոյարսկում (ՌԴ) ստեղծվեց «Grand Hall Siberia» շքեղ, բայց և նրբաճաշակ կառույցը որպես ճարտարապետական մտքի ու դիզայներական երևակայության թռիչքի արգասիք։

 

 

Նախագիծը իրականացվեց սեղմ ժամկետներում և կրում էր իր մեջ աշխարհագրական հեռավորությանը հատուկ բոլոր բարդությունները:
Մոտ 1400 մ2 մակերես ունեցող հանդիսությունների դահլիճը, ինչպես նաև կից VIP սրահները, մշակվեցին կարճ ժամկետներում: Պատրաստվեցին առավելագույնս ընթեռնելի և ամենակարևորը՝ մանրամասն, հանգուցալուծումներով լի, աշխատանքային գծագրեր։ Նախագծի իրականացման ողջ ընթացքում տարվում էր շինարարության հեռահար (on-line) վերահսկողություն:

 

Հարկ է նշել, որ համալիրը միակն է իր տեսակի մեջ այդ տարածաշրջանում և այժմ արդեն կարևոր տեղ է գրավում Ռուսաստանի Դաշնության մշակութային և հասարակական կյանքում։ Այստեղ արդեն կազմակերպվում են ոչ միայն շքեղ հանդիսություններ, այլ նաև անցկացվում են միջազգային նշանակության ֆորումներ, ցուցահանդեսներ, համերգներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:

 

 

Դահլիճի ներքին հարդարումը և դիզայնը համապատասխանում է ռուսական «Ամպիր» ոճին: Սրահում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել առաստաղին, որի առանձնահատկություններից է բարդ կոնստրուկտիվ կառուցվածքը։ Այն իր մեջ ներառում է օդափոխության, լուսավորության, հակահրդեհային համակարգերի ճիշտ և գրագետ համախմբում:

 

Առաստաղի հարդարման մեջ խիստ պահպանված են կլասիկայի կանոնները, ամբողջ մակերեսը պատված է ոսկեզօծ գիպսե զարդաքանդակներով: Այստեղ լայնորեն օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաները, որոնք հմտորեն միաձուլվել են ավանդական մոտեցումներին։ Արդին խաչվում է հնագույն ու հավիտենական արժեքների հետ և ներկայանում որպես անքննելի ներդաշնակություն: Առաստաղը ավարտուն տեսք է ստանում՝ շնորհիվ ստուդիայի դիզայներների կողմից նախագծված՝ հեղինակային ճենապակյա ջահերի, որոնց արտադրությունը կազմակերպվել է Իտալիայում:

 

Հատակագծային լուծումները մշակված են՝ նախօրոք հաշվի առնելով կառույցի բազմաֆունկցիոնալ նշանակությունը: Ամբողջ կահավորումը, ներառյալ բեմահարթակը, շարժուն (մոբիլ) է:

 

 

Հատակն ամբողջությամբ երեսապատված է բնական գրանիտե սալիկներով, հատակի կենտրոնական հատվածն ունի շքեղ, հատուկ այդ տարածքի համար մշակված՝ նույնպես հեղինակային, զարդանախշ, որից արտածվում է ամբողջ կոմպոզիցիան:

 

Պատերը նույնպես զարդարված են ոսկեզօծ գիպսե զարդաքանդակներով, գեղեցիկ պաստառներով և հսկա հայելիներով: Դռներն ու դարբնե բազրիքները, նույնպես հեղինակային են՝ մշակված ստուդիայի դիզայներների կողմից: Նշենք նաև, որ հեղինակների բոլոր մտահղացումները մաթեմատիկական ճշգրտությամբ իրականացվել են տեղի հմուտ մասնագետների կողմից, ինչն էլ, անկասկած, արդյունավետ համագործակցության երաշխիքներից է:

 

Առաջարկում ենք դիտել ռուսական հեռուստաընկերություններից մեկի պատրաստած թողարկումը հայ դիզայներների մտքի թռիչքի արդյունք հանդիսացող այս կառույցի վերաբերյալ: