Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ, Հայաստանի Հանրապետության 1990-1995 թվականների Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին եւ երրորդ գումարման խորհրդարանների պատգամավոր Ռոլես Գեորգիի Աղաջանյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով:
Հանձնաժաղովում ընդգրկված են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը (հանձնաժողովի նախագահ), ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը (հանձնաժողովի նախագահի տեղակալ), ԼՂՀ կառավարության աշխատակազմի ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Արմո Ծատուրյանը (հանձնաժողովի նախագահի տեղակալ), Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից Ռուդիկ Ազարյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վարդան Բալայանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից Համլետ Գրիգորյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից Էդուարդ Ղուկասյանը, «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից Ռազմիկ Պետրոսյանը:
Ռոլես Գևորգի Աղաջանյանը ծնվել է 1947թ. օգոստոսի 28-ին: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը' ճանապարհաշինարար-ինժեների որակավորմամբ: Եղել է ԽՄԿԿ անդամ: Աշխատել է Ստեփանակերտի համար 9 ճանապարհաշինարարական վարչությունում' որպես պետ: Ընտրվել է ՀՀ ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի, Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ: «Արցախ» պատգամավորական խմբի անդամ էր: