Թուքրիայի 15 -ամյա քաղաքացու' Բերքին Էլվանի մահվանից հետո սկսված հուզումները երկրում չեն դադարում: Վկայակոչելով «Ռադիկալ» պարբերականը, Ստամբուլի Օքմեյդան շրջանում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներն այս գիշեր էլ շարունակվել են:
Ցուցարարները մարտի 13-ի երեկոյան ոստիկանական ուժերի վրա ինքնաշեն փոքրիկ պայթուցիկներ են նետել: Ի պատասխան դրա ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ է իրականացրել մասնակիցներին հեռացնելու համար: Բախումների շրջանից լրագրողները հեռացվել են'ելնելով անվտանգության նկատառումներից: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Արդեն երեք օր շարունակվող բախումների արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են երեքը: Թունջելիում տեղի ունեցող բախումների հետևանքով ոստիկանության կիրառած արցունքաբեր գազի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան:
Գեզիի դեպքերի ժամանակ' 2013 թվականի ամռանը, Ստամբուլի 14-ամյա բնակիչ Բերքին Էլվանը պատահաբար հայտնվել էր Գեզի զբոսայգում' ընկնելով բողոքողների դեմ ոստիկանական ուժերի կողմից գործադրված գազային հարձակման տակ: Նրա գլխին գազի նռնակ էր ընկել: Բերքինն ընկել էր կոմայի մեջ' այդ վիճակում մնալով գրեթե 9 ամիս: Չնայած բժիշկների ջանքերին, անչափահաս տղան մարտի 11-ին մահացել էր Օքմեյդանի հիվանդանոցում: Նա դարձել է անցյալ տարի ամբողջ Թուրքիայում տեղի ունեցած ամառային բողոքների ակցիաների 6-րդ զոհը: