Վերջին տարիների ընթացքում Սևանա լիճի մակարդակի էական բարձրացումը թռչունների բնադրող ֆաունայի համար բարենպաստ պայմաններ է ստեղծել. ջրի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված՝ ավելացել են եղեգնուտի մացառներն ու ճահճային տարածքները, որոնք հարմար են թռչունների բնադրման համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի թռչունների պահպանման միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը։

 

Նրա խոսքով՝ եթե նախկինում Սևանում քիչ էին բնադրող թռչունները, ապա այժմ այնտեղ կարելի է հանդիպել նույնիսկ մեծ ձկնկուլների։ «Մեծ ձկնկուլը, որը նախկինում հանդիպում էր միայն թռչունների միգրացիայի ժամանակ, այժմ նույնիսկ բնադրում է ավազանի շրջանում։ Երկու տարի առաջ մեր դիտարկումները ցույց տվեցին որ կենդանատեսակի առաջին զույգը բնադրել է Նորաշենի տարածքում»,-ասաց Բալյանը։ Սակայն նա նշեց, որ շատ են նաև մարդածին սպառնալիքները, որոնք վնասում են թռչունների աճին։

 

«Թե որսը, թե հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, ինչպես նաև անտառահատումները ազդում են թռչունների ֆաունայի վրա։ Դրանց հետևանքով վերացվում են բնադրավայրերը և նույնիսկ այն թռչունները, որ գալիս են միայն միգրացիայի ժամանակ, չեն կարողանում հարմար վայրեր գտնել բնադրման համար»,-ասաց նա։

 

Հայաստանի թռչունների պահպանման միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը, սակայն, նկատեց, որ վերջին հետազոտությունների համաձայն՝ թռչուններն ավելի երկար են մնում Հայաստանում։ «Դա պայմանավորված է հիմնականում կլիմայով։ Վերջին տարիներին եղանակն ավելի բարենպաստ է թռչունների համար։ Օրինակ, արագիլները մշտական բնադրվում են, իսկ այն թռչունների, որ գալիս են այլ երկրներից ավելի երկար են մնում այստեղ»,-ասաց Հովհաննիսյանը։ Նա նաև նշեց այն անհրաժեշտ պայմանը, որն, ըստ իրեն, էական է թռչունների ապահպանման համար։ «Որ սորդները պետք է ավելի լավ տեղեկացված լինեն, որպեսզի չվնասեն այն թռչուններին, որոնք վտանգված են և հայտնվել են «Կարմիր գրքում»։ Հաճախ է պատահում, որ օրինակ բադերի փոխարեն նրանք սպանում են կարապներին։ Կարծում եմ, որ որսորդական իրավունքի տրամադրումը պետք է ավելի խիստ լինի»,-ասաց նա։

 

Նախորդ տարի Հայաստանում «Եվրաթռչնադիտարկում 2013» միջոցառման արդյունքների համաձայն' հաշվառվել էր ավելի քան 100 տեսակի 15.032 թռչուն: Երկու կարևոր թռչնաբանական տարածքներում (ԿԹՏ)՝ Հայաստանի հարավ-արևմուտքում տեղակայված Արմաշի ձկնաբուծական լճակներում և Սևանա լճի հարավ-արևմտյան և հարավային հատվածներում առավել հետաքրքիր էին համարվել այս թռչնատեսակները՝ Կռվակտցար, Մեծ իլիկակտցար, Ծովային աղավնաորոր, Պտավոր կտցար , Սև անգղ, Կանաչ մեղվակեր։

 

 

Գոհար Ավետիսյան