Ղրիմի հանրաքվեն նմանվում է Հայաստանի ԱԺ ընտրությանըԱյսօր Ղրիմի ինքնավար հանրապետությունում տեղի է ունենում հանրաքվե: Քվեաթեթիկներում երկու հարց է՝ Ռուսաստանին միացումը եւ Ուկրաինայի կազմում լայն ինքնավարությամբ մնալը:
Հ
անրաքվեն լեգիտիմ է ճանաչել միայն Ռուսաստանը: Եվրամիությունը այն համարել է անօրինական:
Մինչ հանրաքվեն Ղրիմի ինքնավարության խորհրդարանը որոշում է ընդունել Ռուսաստանին միանալու մասին:
Ռուսաստանը Ղրիմ է տեղափոխել մեծ քանակությամբ զինծառայողների, ինչպես նաեւ թերակղզում ձեւավորել «ինքնապաշտպանության ուժեր»՝ կազմված տեղացի ռուս բնակչությունից ու կազակներից:
Հանրաքվեն անցնում է «փակ ռեժիմով», չկան դիտորդներ Եվրամիությունից:
Հանրաքվեի ընթացքից արդեն հակասական տեղեկություններ են ստացվում: Սոցցանցերում տեղեկություններ կան այն մասին, որ ընտրական տեղամասերը ձեւավորված են ռուսական սիմվոլիկայով, ընթանում է բացահայտ քարոզչություն Ռուսաստանին միանալու օգտին: Քվեարկությանը մասնակցում են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ մարդիկ: Ոստիկանության եւ տեղական ուժերի ներկայացուցիչներն այցելում են մարդկանց տները, ստիպելով նրանց քվեարկել: Ընտրատեղամասերի մոտ շրջում են դրուժիննիկներ: Քվեաթերթիկներ են տալիս նրանց, ովքեր չկան ընտրացուցակներում:
Ղրիմի հանրաքվեն իսկապես յուրօրինակ է: Նախ, մասնակցության շեմ է հայտարարվել 50 տոկոսը, այսինքն այնքան, որքան կազմում է ռուս բնակչության թիվը: Այն տարածքներում, որտեղ հոծ բնակվում են Ղրիմի թաթարները, ընտրատեղամասեր չեն բացվել ընդհանրապես: Ղրիմի թաթարները, որոնց թիվը կազմում է մոտ 400 հազար, չեն մասնակցում հանրաքվեին: Հանրաքվեին չեն մասնակցում նաեւ բնակչության մոտ 23 տոկոսը կազմող ուկրաինացիները:
Փաստացի, թերակղզու բնակչությունը «կիսվել» է, եւ այս դեպքում հանրաքվեն կորցնում է իր իմաստը, քանի որ դրա արդյունքը չի արտահայտելու բնակչության առնվազն կեսի տրամադրությունը:
Ընդհանրապես, հանրաքվեն ամբողջական կլիներ, եթե դրվեր նաեւ Ղրիմի անկախության հարցը:
Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանն իրեն է միացնում թերակղզին, որը Խրուշչովի քմահաճույքով հանձնվել էր Ուկրաինային: Այս պայմաններում, հարց է առաջանում, թե Ռուսաստանի ինչին էր պետք հանրաքվեն, այն դեպքում, երբ այդ երկրի օրենսդրության մեջ կա որեւէ տարածք առանց հանրաքվեի իրեն միացնելու դրույթ, եթե տվյալ կազմավորումը նման խնդրանքով դիմում է Մոսկվային: Նման դիմում Ղրիմից փաստացի արդեն եղել է: Բացի այդ, աշխարհում կարծես թե բոլորը հաշտվել են այն մտքի հետ, որ Ռուսաստանի «ղրիմյան արշավանքը» արդեն անշրջելի փաստ է:
Ռուսաստանի ինչի՞ն էր պետք հանրաքվեն: Արդյոք Մոսկվայում կարծում են, որ ինչ որ մեկը ճանաչելու է հանրաքվեի օրինականությունը, եթե չհաշվենք մի քանի վասալ պետությունների հնարավոր արձագանքը: Կամ, որ հանրաքվեով լեգիտիմացնում են Ղրիմի ինկորպորացիան: Դժվար թե:
Մյուս կողմից, իրականությունն այն է, որ Ռուսաստանի շուրջ միջազգային մեկուսացման օղակը սեղմվում է, իսկ Ղրիմի հանրաքվեն նպաստում է միջազգային այդ գործընթացի լեգիտիմացմանը: Բացի պատժամիջոցներից, Ռուսաստանին կարծես թե հանել են Մեծ ութնյակից, եւ կա առաջարկ ՄԱԿ-ում խնդիրները քննարկել ընդհանրապես առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելու: