Ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ Ուկրաինայից հետո ռուսաստանյան ազդեցության գոտի վերադարձվելու հերթը Ադրբեջանինն է: Այս մասին Գուլուզադեն հայտարարել է haqqin.az-ի հետ զրույցում' մեկնաբանելով Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու' Ադրբեջանի վերաբերյալ երեկ արած հայտարարությունները:
«Եթե այժմ Ուկրաինան անձնատուր լինի, ապա հաջորդը կլինեն Ադրբեջանը, Վրաստանն ու Մոլդովան: Արեւմուտքն անտարբերություն ցուցաբերեց Ուկրաինայի հարցում: ԱՄՆ-ը եւ Եվրոպան ուղղակի հանձնեցին Ուկրաինան», -ասել է նա: Գուլուզադեն համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի գործողությունների նկատմամբ արեւմտյան երկրների արձագանքից է կախված ամբողջ հետխորհրդային տարածության ճակատագիրը:
ՌԴ պետդումայում երեկ ունեցած ելույթում Վլադիմիր Ժիրինովսկին հանդես էր եկել ադրբեջանցիների ազգության մասին բացատրությամբ: Ժիրինովսկին հայտարարել էր, որ ադրբեջանցի կոչված ժողովուրդ գոյություն չունի:
«Ազերբայջան» բառը ռուսերեն թարգմանությամբ նշանակում է Կասպից ծովի շրջակայքում բնակվողներ. ազեր-խազար' Կասպից ծով, բաջա' վայր, տեղ: Ռուսերեն' խազարցիներ: Իսկ դա ազգություն, ժողովուրդ չի նշանակում: Նշանակում է այդ վայրում բնակվող մարդիկ: Այսինքն' այնպես, ինչպես ասում ենք վոլգոգրադցիներ, պսկովցիներ եւ այլն», -ասել է Ժիրինովսկին: