Ռուսաստանը չի ընդունում ԵՄ-ի պատժամիջոցների և սպառնալիքների լեզուն, բայց եթե դրանք իրագործվեն, անպատասխան չեն մնա: Այդ մասին հայտարարել են ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Մոսկվայում «տարակուսանքով են ծանոթացել Եվրոպական խորհրդի՝ մարտի 6-ին Բրյուսելում կայացած արտահերթ նիստի արդյունքներին, որը նվիրված Էր Ուկրաինայի իրադրությանը»: «Դժվար է ազատվել այն տպավորությունից, որ կոնյունկտուրային մոտեցումները գերակշռող են դարձել ողջամտության նկատմամբ, որը առնվազն թելադրում է Եվրամիության ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի սկզբունային դիրքորոշմանն անսալու անհրաժեշտությունը»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:

 

Եվրամիությունը պետք Է պարզորոշ հասկանա, որ սահմանափակիչ բոլոր միջոցառումները ոչ միայն առանց պատասխանի չեն մնա, այլեւ կհարվածեն հենց ԵՄ-ի և նրա անդամ երկրների շահերին, ընդգծել են ԱԳ նախարարությունում:

 

Ինչպես արդեան հաղորդվել Է, այսօր Բրյուսելում մեկնարկում Է Եվրամիության գագաթնաժողովը, որի գլխավոր թեմաները կդառնան Ուկրաինայի իրադրությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը եւ ԵՄ-ի տնտեսական խնդիրները: «Մեր օրակարգի առավել սուր թեման կդառնա Ուկրաինայի իրադրությունը, որի շրջանակներում մենք կքննարկենք ԵՄ-ի ընդհանուր պատասխանը Ղրիմում կայացած հանրաքվեին եւ իրադարձությունների հետագա զարգացումը: Մենք այն համարում ենք անօրինական, երկրի Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքին հակասող, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքները խախտող»,- գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել Է ԵՄ-ի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը:

 

Ինչ վերաբերում Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, ապա սպասվում է, որ գագաթնաժողվի մասնակիցները կքննարկեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների՝ այսպես կոչված «երրորդ բլոկի»՝ այսինքն՝ առեւտրական եւ տնտեսական բնույթի սահմանափակիչ միջոցների սահմանման հնարավորությունը: