Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները: Այսօր, Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

 

Ինչպես տեղեկացնում ենք նախագահի պաշտոնական կայքից' կինոարվեստի հանձնախմբի նախագահ Դավիթ Մուրադյանը իր գլխավորած հանձնախմբի որոշումը ներկայացնելուց հետո, ասել է, թե ստիպված է ափսոսանքով նշել, որ այսօրվա մրցանակակիրներից մեկը՝ համառեժիսոր Ելենա Ֆետիսովան, որոշակի նկատառումներով նպատակահարմար չի գտել ներկա լինելու մրցանակի հանձնման արարողությանը:

 

Հանրապետության Նախագահը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է, որ այսօր առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: «Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը, և իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով Հանրապետության Նախագահի հիմնադրամից:

 

Ուզում եմ ասել, որ ես հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները, բայց ուզում եմ դիմել և՛ հարգարժան տիկնոջը, և՛ ուկրաինական ժողովրդին՝ ասելով, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, և այդ եղբայրության, բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր՝ Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչև այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը: Մենք դարեր շարունակ ուս ուսի միասին կռվել ենք զավթիչների դեմ, մենք պատմության հազարավոր փառավոր էջեր ունենք: Այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է: Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ՝ ես խնդրում եմ գործընկերներին՝ մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: