Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքում վերջին օրերին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ս.Դ. հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Մի քանի օր է, ինչ ողբերգական իրադարձություններ են կատարվում Սիրիայի Քեսաբ հայաշատ բնակավայրում: Թուրքական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային օրենքներն ու պարտավորվածությունները, գնդակոծել է Քեսաբի հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել, որպեսզի ապստամբները կարողանան գրավել Քեսաբը: Հիշեցնենք, որ Քեսաբն անմիջապես գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, տեղակայված են հայ համայնքին պատկանող բանակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատությո ւններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Թուրքիայի համար Քեսաբը մշտապես եղել է թիրախ, իսկ Սիրիայում վերջին շրջանում ընթացող ողբերգական իրադարձությունները վերջինիս հնարավորություն ընձեռեցին հայաթափել հայաշատ բնակավայրը:
Չնայած ընթացող ողբերգական իրադարձություններին, Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակով դեռևս ոչ մի հայտարարություն չի արել: Ս.Դ. հնչակյան կուսակցությունը պահանջում է Հայաստանի ԱԳ նախարարությունից անմիջապես միջազգային հնարավոր բոլոր ատյաններում բարձրացնել Քեսաբի տեղահանման խնդիրն ու պահանջել Թուրքիայից դադարեցնել հայերի տեղահանման հերթական ցեղասպան ծրագիրը»: