Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց իր առաջարկները Երևանում վճարովի ավտոկայանատեղիների, արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման խնդիրների ուսումնասիրության համար խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

 

Հովիկ Աբրահամյանն առաջարկեց բարձրացված խնդիրները բաժանել ըստ պատկան մարմինների և նրանց հրավիրել լսումների, լսել պարզաբանումներ, որից հետո հնարավոր կլինի եզրակացությունների հանգել: «Ես առաջարկում եմ այս հարցով կազմակերպել խորհրդարանական լսումներ: Բոլոր այն հարցերը, որ մտահոգում են հանրությանը, կբարձրացվեն այդ լսումների ժամանակ, սակայն մինչ այդ մենք պետք է ունենանք բոլոր պատկան մարմինների կարծիքները»,-ասաց Աբրահամյանը:

 

Նա նշեց, որ ինքը պատրաստ է ապահովել բոլոր պատկան մարմինների ներկայությունն այդ լսումներին: «Մենք լսումները կհրավիրենք առանց ժամկետային սահմանափակումների, լսումները կարող են լինել երկու կամ երեք օր…Կքննարկենք բոլոր հարցերը պատկան մարմինների հետ և կանենք մեր եզրակացությանը»,- ասաց Աբրահամյանը:

 

ԱԺ նախագահի կարծիքով' սա ավելի լավ տարբերակ է, քան հանձնաժողով ստեղծելը, ինչը կարող է տարբեր շահարկումների տեղիք տալ: Նա նախագծի հեղինակներին կոչ արեց համաձայնել իր առաջարկի հետ և քայլեր ձեռնարկել լսումներ հրավիրելու ուղղությամբ:

 

Ազգային ժողովը քննարկում է Երևանում վճարովի ավտոկայանատեղիների, արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման խնդիրների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն արտահերթ քննարկման են ներկայացրել ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները:

 

Հանձնաժողովի խնդիրներն են լինելու հանրապետության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի, Երեւան քաղաքում ձեւավորված վճարովի ավտոկայանատեղերի գործողության արդյունքում 2012-2014 թվականների ընթացքում սպառողների հարկային բեռի փոփոխության եւ նրանց շահերի պաշտպանության ներկա վի ճակի ուսումնասիրությունը, արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի տեղադրման, ինչպես նաեւ վճարովի ավտոկայանատեղերի սպասարկման գծով ՀՀ գերատեսչությունների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից տնտեսավարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի հիմնավորվածության ուսումնասիրությունը: