Վարորդները հուլիսի 26-ից կկարողանան մի փոքր շնչել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

 

Վերջինս նշեց, որ վարչական իրավախախտումների մասին օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնցով փոփոխվել են արագաչափերի, տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքների չափերը:

 

«Նոր օրենքով՝ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու դեպքում կսահմանվի տուգանք՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար 1000 դրամի չափով, իսկ նախկինում մինչև 10 կմ/ժամ արագությունը գերազանցելու համար, անկախ նրանից՝ մեկ, երկու, թե յոթ կիլոմետր է գերազանցվել, տուգանքը նույնն էր»,- ասաց նա և հավելեց, որ արագաչափերի, տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքների չափերն այլևս չեն եռապատկվելու և հնգապատկվելու, այլ 25 և 50 տոկոսի չափով են ավելանալու:

 

Հովհաննիսյանը նշեց նաև, որ այս փոփոխությունները լիարժեք չեն, և պետք է կարգավորել տուգանքների ծանուցման հետ կապված խնդիրը. «Պետք է գործը նախ գնա դատարան, հետո նոր՝ ԴԱՀԿ»,- ասաց Հովհաննիսյանը: