Այսօր տեղի է ունեցել «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:

 

Ինչպես Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ծրագրի նպատակն է ներգրավվել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը կոռուպցիայի դեմ պայքարում:

 

«Ծրագիրն ունի երեք ուղղություն: Առաջին ուղղությամբ ուժեղացվելու է քաղաքացիական հասարակության կազմակերպության մոնիթորինգային և հետաքննական կարողությունները, որպեսզի նրանք արդյունավետորեն կարողանան մոնիթորինգներ իրականացնել կառավարության ծրագրի հակակոռուպցիոն բարեփոխումների և դատաիրավական բարեփոխումների ծրագրի նկատմամբ»,-ասաց Զադոյանը:

 

Հարցին, թե ո՞րն է առավել կոռումպացված ոլորտը Հայաստանում, Կարեն Զադոյանն ասաց, որ այդպիսի ուսումնասիրություն Հայաստանում արված չկա, թե որ ոլորտն է ավելի կոռումպացված:

 

«Կոռուպցիոն ռիսկերը բավական բարձր են գրեթե բոլոր բնագավառներում և այստեղ ոչ միայն իշխանությունների խնդիրն է պայքարել կոռուպցիայի դեմ, այլ նաև մեր հանրության խնդիրն է, և այս հարցում պետք է մոբիլիզացվի ուժերը»,-ասաց Զադոյանը:

 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեանը և Կարեն Զադոյանը:

 

Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ միջազգային և պետական մարմիններից, Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ԶԼՄ-ներից:

 

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ' «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ-ի կողմից' «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 3 տարի է: Ծրագրի բյուջեն կազմում է 650. 000 եվրո:

 

Առավել մանրամասն` Լուրեր.com-ի տեսանյութում: