Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ' Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել կատարվածի առնչությամբ և դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները, որոնք աջակցություն են ստացել Թուրքիայի կողմից: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր զորակցությունն է հայտնել Արամ Ա Կաթողիկոսին:
Քեսաբում ստեղծված կացության վերաբերյալ Նորին Սրբությունը հեռախոսազրույց է ունեցել նաև Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ:
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում հրավիրված խորհրդակցության ընթացքում հաստատել է, որ Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ իր թեմական կառույցներով շարունակելու է իր աջակցությունը սիրիահայությանը' աղոթելով, որ խաղաղությունը վերահաստատվի Սիրիայի աստվածասեր ժողովրդի կյանքում, և տեղահանված ու գաղթական ընտանիքները վերադառնան իրենց հայրենի օջախները:
Խաղաղ Քեսաբ ավանը' Սիրիայի տարածքում գտնվող հայկական պատմական տարածաշրջանը, մարտի 21-ին ենթարկվել է սահմանակից Թուրքիայից ներթափանցած հարյուրավոր ահաբեկիչների հարձակումներին: Տարածաշրջանի բոլոր հայ բնակիչները սպանդի սպառնալիքի տակ ստիպված են եղել լքել իրենց տները' գաղթելով հարևան Լաթաքիա և Բասիթ քաղաքները: Մի մասի բախտը չի բերել և գերեվարվել է, իսկ եկեղեցիներն ու տներն ավերվել են: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարարու թյամբ: Հայաստանի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին: