Սորոսի գրասենյակ անունով հայտնի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ նոր նախագիծ է իրականացել հետևյալ վերնագրով՝ «Հայոց եկեղեցու պատմության առարկան հանում են դպրոցից, որ եկեղեցին կազմաքանդեն», ըստ էության՝ ծաղրելով մարդկանց, որոնք մտահոգություն են հայտնում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերը կրճատելու հետ կապված։ Թեև տեսանյութում երևում են անհասկանալի հագուկապով անձինք, որոնք տարօրինակ շարժումներ են անում, սակայն տեսանյութում ներկայացվում է, թե իբրև նախագծի նպատակն է շարժման, ձայնի, վիզուալ էֆֆեկտների միջոցով բացահայտել տարածված կեղծ կարծրատիպերը։ 
Համացանցում սկսած քննարկումներն ու քննադատություններից երևում է, որ այն զայրույթ է առաջացրել քաղաքացիների մոտ։ Ըստ նրանց՝ ծաղրվում է Հայ Առաքելական Եկեղեցին և նսեմացվում նրա դերը: Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ մարդիկ եկեղեցու նկատմամբ նաև քաղաքական հետապնդումների ենթատեքստ են տեսնում։ 
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն անդրադառնալով տեսանյութին՝ այն որակեց հարձակում մեր ազգի կողմից դարերով դավանած արժեհամակարգի վրա․ «Հասարակությունն ինքը պետք է հետևություններ անի և այս լույսի ներքո դիտարկի մեր ժողովրդի կյանքն այսօր փոթորկող շատ երևույթներ և ցավալի իրավիճակներ։ Սա ոչ այլ ինչ է, քան հարձակում մեր ազգի կողմից դարերով դավանած արժեհամակարգի վրա։ Տեսանյութն ինքնին ամեն ինչ վկայում է։ Հարկ չեմ նկատում ավելին ասելու»,- ասաց  Վահրամ քահանա Մելիքյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայ Առաքելական Եկեղեցու դերը նսեմացնելու միտում տեսնում է տեսանյութում։
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ կրթական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ իր հրապարակային խոսքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձ կատարելով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդմանը նշեց, որ առարկայի համար 236 դասաժամի փոխարեն նախատեսվում է տրամադրել ընդամենը 64 դասաժամ: Այս մոտեցումը, Մայր Աթոռը բացարձակապես անընդունելի էր համարել թե՛ հոգևոր և թե՛ ազգային շահերի տեսանկյունից՝ նկատելով, որ այն խորը հակասության մեջ է Սահմանադրության 18-րդ հոդվածի հիմնադրույթների հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը ևս մեկ անգամ վերահաստատելով իր դիրքորոշումը նշել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում: 
 
Սոնա Հարությունյան