Մայր աթոռը ևս, եթե ոչ ուղղակի, սակայն դեմ է արտահայտվում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքին, որն ավելի կարճ կոչում են «Գենդերի մասին օրենք»:
Բանն այն է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական հայեցակետային գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս տեղադրել էր այս թեմային նվիրված ծավալուն մի հոդված և ևս դեմ արտահայտվել՝ նշելով, որ օրենքը հենց սկզբից սխալական է և շփոթեցնող, քանի որ բովանդակությունն ու մեկնաբանությունն իրար չեն համապատասխանում:
«Իր հետագայ վտանգաւոր զարգացումներով՝ առնչուած ընտանիքին, երեխաների իրաւունքին եւ պատասխանատւութեանը, նոյնասեռականութեանը եւ նոյն կողմնորոշմամբ ամուսնութեան վաւերականացմանը: Օրէնքը ոչ թէ կանանց եւ տղամարդկանց հաւասար իրաւունքների եւ հաւասար հնարաւորութիւնների ապահովման մասին է, որը բնականաբար ընդունելի եւ միանշանակ խրախուսելի է, այլ գենդերային հաւասարութեան, որոնք ըստ էութեան տարբեր հասկացութիւններ են»,- գրել է Բագրատ սրբազանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին «Օրինաց երկրի» պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի համահեղինակությամբ ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում տեղ է գտել մի դրույթ, ըստ որի՝ «սեռը» համարվել է ձեռքբերովի վարք, և մի շարք հասարակական կազմակերպություններ օրերս կոչ են արել մտավորականությանը, մտահոգ կազմակերպություններին, լրատվամիջոցներին, անհատներին՝ միանալ «գենդերի» մասին օրենքը վերանայելու կամ հետ կանչելու գործին:
Իսկ օրենքին դեմ արտահայտված երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը դեմ արտահայտվելով օրենքին՝ հայտարարել էր, որ մարդու համար գոյություն ունի երեք տիտղոս՝ մարդ, սեռ, ազգություն, և չի կարելի դրանք խեղել:
Բագրատ սրբազանն իր հոդվածում այնուհետև եզրակացնում է.«… Գենդեր եզրաշերտը (տերմինը) ինքնին սոցիալական եւ քաղաքական, նաեւ այսպէս կոչուած հոգեբանական հասկացութիւն է, որը չի սահմանում կին եւ տղամարդ սեռային կամ կենսաբանական ընկալումը, այլ բնորոշում է իգական եւ արական ըմբռնումը՝ համարելով այն սոցիալապէս ձեռքբերովի եւ ընտրովի: Հետեւաբար, սոյն ըմբռնումը բոլորովին առնչութիւն չունի կանանց եւ տղամարդկանց իրաւահաւասարութեան սկզբունքի հետ»։
Նա հարկ է համարել շեշտել, որ կնոջ և տղամարդու իրավահավասարության սկզբունքը քրիստոնեական մարդաբանական ըմբռնման կարևորագույն և առանցքային հասկացություններից է: Եվ ըստ այս ընկալման Աստված ստեղծեց ոչ թե անհատին, այլ ստեղծեց ամբողջական մարդուն՝ կին և տղամարդ՝ իր պատկերով և նմանությամբ՝ այսինքն՝ ստեղծեց որպես համայնք, որպես արտացոլանքն «իր իսկ երրորդութենական համայնական կեանքի՝ հաւասար իրաւունքներով, պատասխանատւութեամբ եւ, սակայն, արտայայտութեան եւ զգացմունքների յստակ տարբերութիւններով»:
Օրենքի հեղինակներին հոգևորականը հարցնում է.«Չէ՞ք կարդացել, թէ Աստուած սկզբից կին եւ տղամարդ ստեղծեց մարդկանց եւ ասաց նրանց. Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ միանա իր կնոջը, եւ երկուսը մէկ մարմին պէտք է լինեն” (Մատթ. 19: 4-6) եւ սա հռչակւում է մի ժամանակաշրջանում, երբ յստակ գործում էր հայրիշխանութեան՝ տղամարդու գերիշխանութեան համակարգը» , ապա ավելացնում ՝«Հետեւաբար, թե՛ վարդապետական, թէ՛ մարդաբանական եւ թէ՛ հասարակական ներմտածողութեամբ արդէն իսկ սահմանուած է մի արժեհամակարգ, որը կարիք ունի ամրապնդման, դաստիարակութեան եւ տարատեսակ միջոցներով լայն քարոզչութեան ու տարածման եւ ոչ թէ՛ ոչնչացման եւ մեր հոգեւոր-ազգային ըմբռնումներին անհարիր նոր, անյայտ եւ անհասկանալի ձեւակերպումներով փոխարինման»:
Նշենք, որ Մայր աթոռի Արարատյան հայրապետական թեմի Qahana. am կայքում տեղադրված է տեսանյութ՝ «Գենդերի սոդոմգոմարային հետևանքները» վերնագրի ներքո:
Ինչպես Tert.am–ի հետ զրույցում օրենքի նախագծին կտրականապես դեմ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը՝ բոլոր հոգևորականներն էլ դեմ են օրենքին:
Տեր Գրիգորը ««սեռը»՝ որպես ձեռբերովի վարք» դրույթն առանց այլևայլությունների այսպես է հասկանում.«Այսինքն՝ երբ տղամարդն իրեն կին է զգում կամ հակառակը», ապա մեկնաբանում այս ամենն աստվածաշնչյան տեսանկյունից՝ ասելով.«Իսկ դրա տակ Աստվածաշուչնը հասկանում է, որ դա սոսկալի պղծություն է»:
Քահանան, ի հիմնավորում, մեջբերում արեց «Երկրորդումն օրինաց գրքից», որտեղ ասվում է, որ եթե տղամարդը տղամարդու հետ կպառկի ինչպես կնոջ հետ, «թող երկուսն էլ վերանան»:
«Եվ գիտենք, որ Սոդոմ, Գոմոր քաղաքներում էդ պղծությունն էր տիրում և Աստված երկնքից կրակ թափեց և ոչնչացրեց»,- ասաց Տեր Գրիգորը՝ ավելացնելով, որ Պողոս առաքյալն էլ իր թղթերում զգուշացրել է այդ մասին:
Ինչպես հաղորդում է Nyut.am կայքը՝ «Նոր երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպության ակտիվիստներն էլ օրերս կսկսեն մի նոր շարժում՝ «Սեռափոխություն ՕԵԿ-ում» կարգախոսով:
«Սեռափոխություն ՕԵԿ-ում» շարժման ակտիվիստները, սակայն, բաժանվել են երկու խմբի: Մի մասը պատրաստվում է դրամահավաք կազմակերպել, որպեսզի հոգա Արթուր Բաղդասարյանի, Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի սեռափոխության վիրահատության ծախսերը: Սակայն մյուս խումբը դեմ է դրամահավաքին, քանի որ գտնում է, որ այդ խայտառակ նախագիծն անցկացնելու համար ՕԵԿ-ը Արևմուտքից բավական գումարներ կլինի ստացած, և թող այդ միջոցներից մաս հանեն անհրաժեշտ վիրահատությունների համար:
Հիշեցնենք, սակայն, որ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում խոստովանել էր, որ իրենց համար ևս անհասկանալի է նախագծում տեղ գտած վերոհիշյալ դրույթը. ըստ պատգամավորի՝ նախագիծը երկու տարի առաջ է դրվել շրջանառության մեջ՝ կուսակցության առաջարկով, բայց հետագայում իրենց միացել է կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցապ նախարարության, որն էլ այդ դրույթը ներառել է նախագծում։