ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության ենթահանձնաժողովի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին' ԱԺ նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները եվրոպական ինտեգրման քաղաքականության կենտրոնական տարրերից են' համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին գնահատելով որպես Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ:
Հովիկ Աբրահամյանի խոսքով' Հայաստանը մտադիր է պահպանել և զարգացնել համագործակցության ներկա տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը: Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ փ ոխհարաբերությունների խորհրդարանական ձևաչափի մասին' Հովիկ Աբրահամյանը կարևորել է վեհաժողովի հետ համագործակցությունը և նրա աշխատանքներին ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցությունը: Նրա խոսքով' Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ծրագրերին նպաստում է Հայաստանի ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:
ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության ղեկավար, քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելլոն կարևոր է համարել պատվիրակության այցը Հայաստան և Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: Նա բարձր է գնահատել խորհրդարանի դերն ու նշանակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների հարցում' կարևորելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ակտիվ մասնակցությունը և խորհրդարանական դիվանագիտության դերը:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը: ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրաջանակում: «Պատերազմը երբեք և ոչ մի տեղ չի հանգեցրել որևէ լավ բանի, բացառությամբ մարդկային ու նյութական կորուստների: Հակառակ մեր դիրքորոշման՝ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մշտապես հնչեցրել է ռազմատենչ հայտարարություններ, որոնք հատկապես ակտիվացել են վերջին շրջանում»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որ այն պետք է ընթանա միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին' ԱԺ նախագահը նշել է, որ այն չի խաթարի Եվրամիության հետ մեր քաղաքական երկխոսությունը, և Հայաստանը շարունակելու է հանձնառու լինել մեզ միավորող ընդհանուր արժեքներին և շարունակելու է ջանքերը քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ՝ հանուն ժողովրդավարական բարեփոխումների շարունակակ անության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության:
Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին և Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին' Հովիկ Աբրայամյանը խորը մտահոգություն է հայտնել հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Քեսաբ կատարված ներխուժումն իրականացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող Թուրքիայի տարածքից: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի ի պաշտպանություն ազգային փոքրամասնությունների իրավունքների և Քեսաբի հայության ֆիզիկական անվտանգության ապահովման համար»,-ասել է ԱԺ նախագահը: