Ղրիմի Հանրապետության Պետական խորհուրդը հրապարակել է պերսոնա նոն գրատա հայտարարված ուկրաինացի պաշտոնյաների ցուցակը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Ցուցակում ընդգրկված է 320 մարդ: Նրանց թվում են Գերագույն ռադայի խոսնակ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխվարչապետ Վիտալի Յարյոման, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Անդրեյ Պարուբիյը, Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, «Ազատություն» կուսակցությունից պատգամավոր, այժմ Ուկրաինայի գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին, Ուկրաինայի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության ղեկավար Անատոլի Կինախը:

 

Անցանկալի անձանց ցուցակում ներառվել են նաև Ուկրաինայի պաշտպանության նախկին երկու նախարարները՝ Ալեքսանդր Կուզմուկն ու Անատոլի Գրիցենկոն և արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Տարասյուկը: Պերսոնա նոն գրատա են հայտարարվել Գերագույն ռադայի նախկին խոսնակ Վլադիմիր Լիտվինը, Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն, պատգամավոր և օլիգարխ Պյոտր Պորոշենկոն:

 

Ղրիմի համար անցանկալի հայտարարված անձանց ցուցակում են նաև Տարածաշրջանների կուսակցությունից պատգամավոր Աննա Գերմանը, ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, Տարածաշրջանների կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սերգեյ Տիգիպկոն: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: