Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Սիրիայի Քեսաբ քաղաքի տեղահանված հայությանն օժանդակելու նախաձեռնություն է սկսել ֆրանսիայում գործող «Երկիր և Մշակույթ» կազմակերպությունը՝ սկսելով դրամահավաք: «Հայտնի չէ, թե ինչպես կավարտվեն Քեսաբի թեժ կռիվները: Մինչև տեղահանված ժողովուրդը կարողանա վերատիրանալ իր ունեցվածքին, անհրաժեշտ է նրանց օժանդակություն հասցնել: Կոչ ենք անում Ֆրանսիայի և Եվրոպայի այլ երկրների հայերին՝ աջակցելու քեսաբցի իրենց հայրենակիցներին և մասնակցելու «Երկիր և մշակույթ» կազմակերպության հանգանակությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Գումարները պետք է փոխանցվեն Լաթաքիայի հայ Ազգային իշխանություններին, ովքեր զբաղվում են հայ գաղթականությանը օգնության մատակարարմամբ:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող հայկական հոծ բնակչություն ունեցող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Քեսաբի հայաթափություն ը համախմբել է համայն աշխարհի հայության ջանքերը:

 

ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են ընդունել վերջին օրերին հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ միջազգային հանրությունից պահանջելով ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկել այնտեղ: Քեսաբի հարցով մարտի 24-ին Հաագայում հայտարարություն է արել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայերի տեղահանությունը համարելով ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված մարտահրավեր: Մարտի 25-ին ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Սիրիա՝ Քեսաբի իրադրությանը և հայության խնդիրներին տեղում ծանոթանալու համար: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է Հայաստանից ժամանած պատգամավորների խմբին: