ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին, Հունաստանի դեսպան Իոաննիս Թայիսին, Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքին և ԵՄ պատվիրակության աշխատակիցներին:
Տրայան Հրիսթեան իր ելույթում նշել է, որ Տավուշի մարզում ԵՄ շարունակելու է իր աշխատանքները և համոզված է, որ համագործակցության արդյունքում կիրականացվեն բազմաթիվ ծրագրեր: Ուշադրություն է դարձվելու ոլորտային միջոցառումներին: ԵՄ-ն առաջնահերթ է համարում ծրագրեր իրականացնել զբոսաշրջության, առողջապահության, տրանսպորտի, մշակութային կրթության, կոշտ թափոնների կառավարման, էներգաարդյունավետության բարձրացման ոլորտներում:
Իրականացվող բոլոր աշխատանքները նպատակաուղղված կլինեն աղքատության նվազեցմանը: Դեսպանը մարզպետին խնդրել է մարզի համայնքների հետ աշխատանքներ տանել' ԵՄ-ի հետ համագործակցությունը ավելի ակտիվացնելու ուղղությամբ:
ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշել է, որ մարզում հաճախակի հանդիպումները ԵՄ պատվիրակության հետ ավելի կընդլայնեն հետագա համագործակցության ուղղությունները: Մարզպետը նշել է, որ Տավուշի մարզը Եվրոպական ասամբլեայի անդամ է, համագործակցում է Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի, Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի հետ, և կարճ ներկայացրել է այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են եվրոպական գործընկերների հետ: Ղուլարյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցությունը և վստահեցրել է, որ համայնքների հետ համատեղ աշխատանքներն առաջիկայում կդառն ան էլ ավելի արդյունավետ և նախանշել է այն բոլոր ուղղությունները, որտեղ Տավուշի մարզը կարող է համագործակցել ԵՄ-ի հետ:
Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն իր խոսքում ներկայացրել է Ռեգեն-Տավուշ համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները: Առաջարկվել է ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում քննարկել Տավուշ-Ռեգեն համագործակության խորացմանը նպաստելու հնարավորությունները, մասնավորապես, զբոսաշրջության և բնապահպանական (աղբահանության) կրթության ոլորտներում:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել մարզպետ Արմեն Ղուլարյանին ջերմ ընդունելության համար, հանդիպումը գնահատել են արդյունավետ՝ հուսալով, որ այսուհետ մարզ այցելությունները կլինեն հաճախակի: