Մաքսային միության տնտեսական տարածքը ցույց տվեց, որ այն պլատֆորմը, որն այնտեղ ձևավորվում է՝ շատ մոտ է Հայաստանի տնտեսական համակարգին և այն զարգացման աստիճանին, որն առկա է երկրի տնտեսության մեջ: Այդ մասին «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» ՀՀԿ տնտեսական երկրորդ համաժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մեր երկրի ապրանքերի և ծառայությունների մշակման աստիճանը ցո ւյց է տալիս, որ մեր տնտեսությունն այսօր շատ ավելի մոտ է եվրասիական տնտեսական համակարգին և ՄՄ-ում ձևավորված պլատֆորմը մեզ համար ակնհայտորեն ստեղծում է հարաբերական առավելություններ՝ մեր տնտեսական առավելությունները դրսևորելու համար: Այն ռեժիմները, որոնք ձևավորվեցին ՄՄ-ի ներքո, տվեցին դրական արդյունքներ:

 

Երկրորդ՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում ակնհայտորեն դրսևորվեցին այն ակնհայտ առավելությունները, որոնք առկա են ԵՄ-ում: Համաշխարհային ճգնաժամից հետո աշխարհում տեղի ունեցան լրջագույն փոփոխություններ, բյուրեղացան լրջագույն երևույթներ, որոնք մինչ ճգնաժամն ակնառու չէին: Ճգնաժամն առաջին հերթին ցույց տվեց ԵՄ-ի ուժեղ և թույլ կողմերը, ցույց տվեց, թե որն է այն առանցքը, որի շուրջ միավորված են պետությունները: Երկրորդ ուղղությունը, որը նույնպես բյուրեղացավ, դա եվրասիական տնտեսական տարածքում տեղի ունեցող զարգացումներն էին, այն որ մեր առջև ձևավորվեց Մաքսային միություն, որը ցույց տվեց իր դրական գործառույթները և առկա ներուժը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ այս զարգացումները պարտադրում էին մեզ՝ հստակեցնել մեր վերաբերմունքը այս երկու կարևորագույն ուղղություններին և Հայաստանը ելնելով իր շահերից՝ համադրելով բոլոր ուղղությունները որոշում կայացրեց անդամակցել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին:

 

Միաժամանակ, վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է իր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը և այս քաղաքական կարևորագույն սկզբունքի ներքո էլ Հայաստանը դիտարկում է իր հարաբերությունները ԵՄ-ի և ՄՄ-ի հետ՝ որպես փոխլրացնող հարաբերություններ, որը բխում են ՀՀ-ի շահերից: ՀՀ վարչապետը մեջբերեց մեր երկրի նախագահի խոսքերը, որոնք հնչել են ԵԽԽՎ-ում: «Այս օրերին հաճախ է խոսվում է ԵՄ Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: ՀՀ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը նպատակադրված շարունակելու է համակողմանի փոխշահավետ համագործակցությունը ԵՄ-ի հետ: «Արևելյան գորընկերության հենց սկզբից, մենք ասել ենք , որ ձգտում ենք հնարավորին սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, այս քաղաքականությունը չի ընդատվելու: Միաժամանակ, հայտնի է, որ Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ՝ ի հաշիվ իր դաշնակից երկրների հետ հարաբերությունների»,- մեջբերեց ՀՀ վարչապետը

 

Մարտի 29-ին Երևանում մեկնարկեց «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը։ Մասնակիցներին ուղերձներ են հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Համաժողովին զեկույցով հանդես է եկել նաեւ ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: Նախատեսվում են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի, ՀՀ արտաքին գո րծերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, պաշտոնատար այլ անձանց ելույթները: