Երեկ արդեն փոխարժեքի տատանումները սկսեցին կարգավորվել, և իրավիճակը սկսեց կայունանալ: Հասկանալի է, որ սա բնականոն գործընթացի մասն է և վերջո պետք է լիներ, բայց զավեշտալի է այն հանգամանքը, որ հենց երեկ եղան նաև ՀՀ վարչապետի և Կենտրոնական բանկի ուշացած հայտարարություններն այս մասին, ընդ որում՝ այնպիսի անմեղսունակ ոճով, կարծես թե ոչ մի լուրջ բան էլ չի եղել և խուճապի մատվելու կարիք չկա: Բայց Կենտրոնական բանկի ղեկավարները հայտնի չէ, թե վերջին օրերին ինչով են զբաղված եղել, որ տեղյակ չեն եղել, որ հասարակությունը վաղուց արդեն խուճապի մատնվել է, այն էլ՝ չափից դուրս շատ, շատերն էլ տատանումների և նաև դրա հետևանքով խուճապի մատնվելու արդյունքում բավականին լուրջ կորուստներ են ունեցել: Իսկ ու՞ր էր Կենտրոնական բանկն այդ օրերին, կամ ավելի շուտ հարցս ձևակերպեմ այսպես՝ ինչի՞ համար է ընդհանրապես Կենտրոնական բանկը, եթե նման դեպքերում էական ոչինչ չի կարողանում անել և ամեն ինչ թողնում է ինքնահոսի:

 

Չնայած պետք է ասեմ, որ այս օրերին Կենտրոնական բանկը, այնուամենայնիվ, մի շատ կարևոր ֆունկցիա ունեցավ՝ հարվածներն իր վրա վերցնելու, թուք ու մուրն ուտելու գործառույթն էր, և այդ գործառույթի հաջող իրականացման արդյունքում շատերը մոռացան, չնկատեցին ավելի կարևոր մի դերակատարի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս, կարելի է ասել, հարվածներից գրեթե բաժին չհասավ, իսկ ուշացած հայտարարության հարցում ԿԲ-ից հետ չմնաց: Ընդ որում, հայտարարությունը կարդալով տպավորություն է ստեղծվում, թե այս կայունացումը Հովիկ Աբրահամյանի մեծագույն ձեռքբերումն է: Իսկ թե ինչու էր ամեն ինչ ինքնահոսի թողնվել՝ կրկին այդ մասին ոչինչ չկար:

 

Նաև մի պարզ հարց կա, որին վերլուծաբաններն առաձնապես չեն անդրադառնում, այն հետևյալն է՝ լավ, տատանումների հետևանքով զգալի գնաճ եղավ և այն դեռ շարունակվում է, հիմա սկսվեց կայունացումը, և ի վերջո կկայունանա, իսկ գնե՞րը: Նորից իջնելո՞ւ են: Բնականաբար, քիչ հավանական է: Կամ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ տանել:

 

Մի բան միայն գիտեմ, որ արդարացումներ և հիմնավորումներ ամեն դեպքում միշտ էլ կգտնեն, իսկ իրավիճակն իսկապես արդեն վատանում է, և արդեն իսկ խուճապը զգալի է: Ընդ որում, ոչ թե ռեժիմն է խուճապի մեջ, ինչպես ընդդիմադիրներն են ասում, այլ ժողովրդի զգալի մասն է խուճապի մեջ և այս կառավարության հետ իրավիճակի բարելավման հույսեր չի կապում:

 

Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ՝ ստանձնելով Տիգրան Սարգսյանի սխալներն ուղղելու պարտավորությունը, բայց ոչ միայն չկարողացավ ուղղել, այլև իր ապաշնորհ կառավարման պատճառով գործեց նորանոր սխալներ, ինչի արդյունքում այսօր երկրի տնտեսությունը գահավիժում է:

 

Կարծում եմ՝ նման վարչապետ ունենալը անընդունելի ճոխություն է Հայաստանի նման երկրի համար, իսկ փոխելը կարծես թե դառնում է ժամանակի պահանջ:



Արման Բադալյան