armsport.am  Ռիո դը Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հյուրընկալվել էին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում: Մարզիկները կիսվեցին առաջին տպավորություններով:

Սիմոն Մարտիրոսյան. «Ընտանիքի միակ որդին եմ, շատ են ուրախացել: Էջմիածնում ևս ջերմ ընդունելություն արժանացա, մեդալ նվիրեցին ինձ: Դեռևս միայն հորեղբորս կողմից եմ նվեր ստացել, պետական պարգև դեռ չեմ ստացել»:

Գոռ Մինասյան. «Տպավորությունները շատ լավ ու վառ են: Երկար էինք պատրաստվել այս Օլիմպիադային, շատ աշխատանք է կատարվել: Արդարացրել ենք ազգի, ղեկավարության, մարզիչների հույսերը: Ուրախ ենք, որ Հայաստանի դրոշն ենք բարձրացրել Օլիմպիական խաղերում: Հայաստանի նման փոքր երկրի համար սենսացիա ենք գրանցել»:

Գոռ Մինասյանն անդրադարձավ այն լուրին, ըստ որի՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից 4-սենյականոց բնակարան է նվեր ստացել.

«Պետք չէ շահարկել նվեր բառը: Այդ բնակարանը ստացել եմ իմ արդյունքների համար: Ես Հայաստանի համար քիչ բան չեմ արել՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եմ դարձել և կարծում եմ՝ արժանացել եմ»:

Սիմոն Մարտիրոսյանը հերքեց այն, որ մարզադպրոցում, որտեղ ինքը պարապմունքներ է անցկացնում, անմխիթար վիճակ է տիրում: Լրագրողի պնդմանը, որ կառույցում անվադողեր են վառում ջերմությունն ապահովելու համար, Սիմոնը հակադարձեց՝ նշելով, որ դա տարիներ առաջ էր: Փաշիկ Ալավերդյանը հայտնեց, որ այդ մարզադպրոցը համալրվել է բարձրակարգ ծանրաձողերով («Eleiko»), որոնք առաջատարն են իրենց տեսակի մեջ:

Անդրադառնալով մարզադպրոցների խնդրին՝ Ալավերդյանն ասաց.

«Կան երկրներ, որտեղ պայմաններն ավելի վատ են: Ի՞նչ է, մեր բոլոր թատրոնները բարվոք վիճակում են...: Այս ոլորտում էլ ամեն ինչ համապատասխան է երկրի վիճակին: Մենք հավաքներ ենք անցկացնում Ծաղկաձորի, Աբովյանի հիանալի մարզադահլիճներում, մեծ սպասելիքներ ունենք նաև Օլիմպավանի դահլիճից»: