Տեղահանված քեսաբահայության խնդիրները Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում են: Տարբեր կազմակերպությունների միջոցով քեսաբահայությանը ցուցաբերվում է համակողմանի օժանդակություն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղվել են բազմահազար նամակներ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Նա հիշեցրեց ՀՀ նախագահի հայտարարությունը Քեսաբի հարցով, ինչպես նաև ՄԱԿ-ում և Ժնևում ՀՀ դեսպաններին տրված հանձնարարությունները՝ համապատասխան հարցեր բարձրացնելու և պահանջներ դնելու, որպեսզի ագրեսիան դադարեցվի: «Կարծում եմ' երեկ նաև դրա հետևանքն էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ շատ հստակ ձևով խոսվում էր ոչ միայն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, այլև սիրիահայերի նկատմամբ որոշակի թիրախ ընտրելու մասին» -նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ իրենք դիմել են հայկական բոլոր կազմակերպություններին, համայնքները ոտքի են կանգնել, Հայ Դատի գրասենյակները փայլուն աշխատում են:

 

«Նրանց կողմից հարյուր հազարավոր նամակներ են ուղղվել Օբամային»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ Սիրիա այցելած Հայաստանի պատգամավորների պատվիրակությունն այսօր կվերադառնա և կներկայացնի իրավիճակը: «Ես ամեն օր Քեսաբի քաղաքապետի հետ եմ խոսում, մեր դեսպանը և հյուպատոսն այնտեղ են, այնպես որ, Հայաստանի գործադիր իշխանության, հանրապետության նախագահի ներկայացուցիչներն այնտեղ են և աշխատում են մերոնց հետ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ քեսաբահայությանն օգնությունը տեղում կազմակերպվում է Կարմիր Խաչի, սիրիական իշխանության, համայնքա յին կառույցների կողմից ստեղծված շտապ օգնության մարմինների կողմից: «Նրանք կարողանում են բավարարել մեր հայրենակիցների առօրյա կարիքները, որովհետև նրանք իրոք ծանր վիճակում են»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ 12 հազար սիրիահայերին ցույց տրվող օժանդակության քայլերը կարվեն նաև քեսաբահայության հանդեպ, եթե նրանք Հայաստան տեղափոխվեն: Նախարարը, սակայն, նշեց, որ երբեք չեն ուզենա, որ Քեսաբն առանց հայի մնա:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող հայկական հոծ բնակչություն ունեցող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում:

 

Քեսաբի հայաթափությունը համախմբել է համայն աշխարհի հայության ջանքերը:ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են ընդունել վերջին օրերին հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ միջազգային հանրությունից պահանջելով ՄԱԿ-ի դիտորդներ ուղար կել այնտեղ: Քեսաբի հարցով մարտի 24-ին Հաագայում հայտարարություն է արել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայերի տեղահանությունը համարելով ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված մարտահրավեր: Մարտի 25-ին ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Սիրիա՝ Քեսաբի իրադրությանը և հայության խնդիրներին տեղում ծանոթանալու համար: