Տարիների ընթացքում Հայաստանը կուտակել է լուրջ ինստիտուտցիոնալ կարողություններ, որոնք էլ նպաստել են Մաքսային միությանը միանալու գործընթացն արագանցիկ քայլերով կատարելուն: «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք ձեզ հետ միասին կուտակել ենք լուրջ ինստիտուտցիոնալ կարողություններ, և մեր գործընկերները արձանագրում են, որ Հայաստանը արագ է գնում առաջ, որւվհետև այդ կարողությունները ՀՀ-ում առկա են: Դա է ինտեգրացման այս ճանապարհին մեր հաջողությունների գաղտնիքը: Եվ մենք ուրախ ենք, որ արժանացել ենք մեր գործընկերների կողմից բարձր գնահատականի և դա նաև գնահատականն է կառավարության կողմից վերջին տարիներին իրականացված ինստիտուտցիոնալ բարեփոխումների»,-նշեց վարրապետը:

 

Ավելի վաղ Տիգրան Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանն իրականացրել է Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզից» բխող գործողությունների մեծ մասը, և սպասվում է, որ մայիսին կստորագրվի Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն երկրի միանալու պայմանագիրը, որով հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը կդառնա ՄՄ անդամ:

 

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: