Մերձավոր Արևելքից մինչև Հյուսիսային Կովկաս տարածաշրջանային լարվածությունը 2008 թվականից ի վեր ոչ միայն նվազել, այլ ավելացել է: Այդ առումով ՄՄ-ի և միասնական տնտեսական տարածքին, իսկ ապագայում Եվրասիական միությանն անդամակցելու մեր քաղաքական որոշումն ունի նաև հստակ ռազմաքաղաքական և անվտանգության բովանդակություն: Այս մասին «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' նշելով, որ ցանկանում է ներկայացնել ՄՄ-ին միանալու տարածաշրջանին վերաբերող թեզը:
«Պետք է նշենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի են ունեցել որակական փոփոխություններ և ՀԱՊԿ-ը ձևավորել է այնպիսի կառույցներ և ընդունել այնպիսի քաղաքական որոշումներ, որոնք էապես ուժեղացնում են մեր անվտանգության ապահովման երաշխիքները: Սա կարևորագույն բաղադրիչն է մեր քաղաքական որոշումների»,- պարզաբանեց վարչապետը: Նրա խոսքով' միևնույն ժամանակ հարցեր են հնչում, թե արդյոք Հայաստանը, միանալով ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին ու ապագայում ձևավորվող միասնական տնտեսական միությանը, չի կորցնելու իր ինքն իշխանությունը: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ձևաչափերը և այն անդրազգային ինստիտուտները, որ ձևավորվում են այսօր Մաքսային միության շրջանակներում, ենթադրում են, որ մենք հանդես ենք գալու որպես իրավահավասար մասնակից այդ միության մեջ և մեր որոշումները ազդելու են կարգավորման դաշտի վրա, որը վերաբերելու է մի մեծ տարածքի, որն ունի շուրջ 170 մլն բնակչություն»,- հավելեց ՀՀ կառավարության ղեկավարը:
2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: