Պուտինի եւ Օբամայի պարբերական հեռախոսազրույցները (Մոսկվայի գիշերային ժամին, որպեսզի Օբամային չարթնացնեն) հարց են առաջացնում, թե ինչ սկզբունքով են այսօր տեղի ունենում սահմանների վերաձեւումն աշխարհում: Ինչու Արեւմուտքը «կուլ տվեց» Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ռուսաֆիկացիան, «կուլ կտա» նաեւ Պրիդնեստրովիեն, առանձնապես չդիմադրեց Ղրիմի միացմանը Ռուսաստանին, սակայն Պուտինին զգուշացնում է, որ նա «չմտնի» մայրցամաքային Ուկրաինա: Ի՞նչն է հաշվի առնվում բաժանելիս:

 

Աչքի է զարնում երկու գործոն՝ ռուսական ռազմական բազայի առկայությունը եւ մարդիկ, որոնք ունեն կամ ցանկանում են ունենալ ռուսական անձնագրեր: Համարվում է, որ այն տարածքները, որտեղ այս երկու գործոնն առկա է, Ռուսաստանին ավելի շատ «իրավունք» է հատկացվում:
Եթե իրավիճակը դիտարկենք այս լույսի ներքո, «օրինաչափություն» է դառնում Ռուսաստանի իրավունքը Ղրիմի հանդեպ, որտեղ կանգնած է ռուսական Սեւծովյան նավատորմը եւ ապրում են էթնիկ ռուսներ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ, որտեղ կա ռուսական զորք, իսկ բնակչությունն ունի ռուսական անձնագրեր, Պրիդնեստորվիեի հանդեպ, որտեղ կանգնած են ռուսական խաղաղարարներ եւ ապրում են էթնիկ ռուսներ:
Արեւելյան Ուկրաինայում ռուսական զորքեր չկան, չնայած ռուսալեզու բնակչության առկայությանը: Ռուսական զորք ու ռուսական անձնագրեր ունեցող մարդիկ չկան նաեւ Ղարաբաղում:

 

Այն բանից հետո, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին, Սեւծովյան նավատորմը կորցրեց արտասահմանյան բազայի կարգավիճակը: Փաստացի, ռուսական բազաներ են մնացել միայն Հայաստանում ու Տաջիկստանում: Կիրգիզիայում կա ռուսական մի գունդ, Սիրիայում՝ նավատորմի ենթակառուցվածք, Ղազախստանում ու Բելոռուսում՝ մի քանի ռազմական օբյեկտներ: Ուզբեկստանում, Վրաստանում, Վիետնամում, Ադրբեջանում, Կուբայում եղած բազաները փակվել են:
Հայաստանի հյուսիսում տեղակայված է ռուսական 102-րդ բազան: Եւ հենց հյուսիսային շրջանները հատուկ ձգտում ունեն Ռուսաստանի հանդեպ. Այս շրջանների բնակչության տեսակարար կշիռը Հայաստանից միգրանտների մեջ անհամեմատ բարձր է: Ավելին, Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով, Հայաստանի բնակչության 10 տոկոսն ունի ռուսական քաղաքացիություն: Նրանց մեծամասնությունը երկքաղաքացիներ են:
ՌԴ Պետդումայի օրակարգում է Ռուսաստանի քաղաքացիության մասին օրինագիծը, ըստ որի նախկին խորհրդային հանրապետությունների բնակիչները, ովքեր ապրում են Ռուսաստանում եւ տիրապետում են ռուսերենին, երեք ամսվա ընթացքում կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվեն սեփական երկրի քաղաքացիությունից եւ ռուսերենի քննություն հանձնեն:

 

Դա նշանակում է, որ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների տեսակարար կշիռը կարող է կտրուկ աճել, առավել եւս հյուսիսային շրջաններում: Արդյունքում դա կարող է հանգեցնել այն բանին, որ Հայաստանի հյուսիսում կստեղծվի «ստանդարտ իրավիճակ» Ռուսաստանի համար՝ ռազմական բազայի եւ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիների առկայությունը: 

 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ