Կուտակային կենսաթոշակային համակարգի անդամ 5 հազար 337 անձ ընտրել է կենսաթաշակային ֆոնդն ու ֆոնդի կառավարչին, իսկ 127 հազար անձի փոխարեն ընտրություն է կատարել համակարգը։ Այս մասին Սահամանադրական դատարանում ընթացող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։ Նրա խոսքով՝ համակարգի մասնակիցները ֆոնդերը ընտրելու հարցում հատկապես հունվարին են ակտիվություն ցուցաբերել։ «Հունվարի սկզբին օրական 400-500 մարդ ընտրություն է կատարել, հետո տեմպը նվազել է և վերջերս միայն սկսել աճել։ Մեր տարբեր հարցումներով՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցերի 30 տոկոսը նշել էր, որ ֆոնդի և կառավարչի ընտրությունը թողնելու էր ավտոմատ համակարգին»,-ասաց Երիցյանը։

 

Նա տեղեկացրեց, որ մարտի առաջին շաբաթվա ընթացքում առաջին կուտակումները՝ ներառյալ պետական բյուջեից համավճարները, տրամադրվել են կառավարիչներին։ «Ռեեստրը վարողներն անմիջապես հանդես են եկել հայտարարությամբ, որ հաշիվները բացված են և գումարները փոխանցվել են հաշիվներին։ Այժմ պատրաստվում են հաղորդագրությունները, որով համակարգի մասնակիցները կտեղեկացվեն այդ մասին»,-ասաց Երիցյանը։

 

Սահմանադրական դատարանում մարտի 31-ին վերսկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության երկրորդ նիստը: Այսօր որպես պատասխանող կողմ հանդես են գալու ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: Նախորդ դատաքննությանը, որն անցկացվել էր մարտի 28-ին, պատասխանող կողմ ներգրավված ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, ներկայացրեց կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներն ու կուտակային բաղադրիչի ներդրման անհրաժեշտությունը: Դիմող կողմի ներկայացուցիչները համապասխան փաստարկներ ու դիտարկումներ ներկայացրին վերոնշյալ հարցի առնչությամբ: