Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի ապագայի, զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող բարեփոխումներ են: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով լրագրողներին այն դիտարկմանը, թե պարտադիր կուտակային վճարները թերի են կատարվում: Նա կոչ արեց այդ բարեփոխումները պարզունակ չդարձնել: «Պարտադիր կուտակային համակարգի վճարումները կատարվում են և ունենք գործատուներ, որոնք դեռ գտնվում են սպասողական վիճակում' կապված Սահմանադրական դատարանի վերջնական որոշման հետ»,- ասաց նախարարը:
Հունվարին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 մլն դրամ, սակայն նախատեսված էր, որ միջին ամսական գումարը պետք է կազմեր 1.7 մլրդ դրամ: «Այժմ տեղին չէ գնահատականներ տալը, վերլուծություններ կարվեն, որից հետո իրավիճակի վերաբերյալ ավելի հստակ գնահատականներ կլինեն: 1.7 մլրդ դրամը եղել է կանխատեսում, ծրագրավորում: Կարծում եմ, որ գործընթացը բավականին ակտիվ է: Շուրջ 10 հազար մարդ արդեն ընտրություն է կատարել»,- նկատեց Ասատրյանը: Ըստ նախարարի՝ այսօր հասարակությունը խնդիր ունի ավելի մանր ամասն տեղյակ լինելու համակարգի գործունեության, մեխանիզմների, հիմքերի և նաև բարեփոխումների տրամաբանությանը: «Այդ դեպքում հասարակության գերակշռող մեծամասնությունը կողմ է լինելու համակարգին: Կարծում եմ' հիմնական խնդիրը մանրամասն տեղյակ չլինելն է»,- նկատեց Ասատրյանը:
Վերջինս կոչ արեց ԶԼՄ-ներին այդ հարցում աջակցել կառավարությանը: Ասատրյանի խոսքով՝ պետք է հանրությանն ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել, քանի որ այսօր հնչում են արտահայտություններ, որոնք քաղաքացիներին գցում են թյուրիմացության մեջ:
2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է կատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Քաղաքացիների մի զանգված բողոքում է օրենքի դեմ, այդ նպատակով Ազգային ժողովի չորս խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարանին' վիճարկելու օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը: ՍԴ վճիռն ակնկալվում է մարտի 28-ին: Մինչ այդ, Սահմանադրական դատարանը կասեցրել է օրենքի որոշ դրույթներ, որոնք սահմանում ե ն պատասխանատվություն պարտադիր վճարները չկատարելու համար: