Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին և ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթին վերաբերող հարցեր:

 

Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա հունիսին կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող նոր օրենսդրության ընդունմամբ լուծում տրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից բարձրաց­ված խնդիր­ներին, ինչը վկայում է ՀՀ կառա­վարության՝ բարեփոխումն առաջ տանելու պատրաստակամության մասին:

 

Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել նոր օրենսդրական կարգավորմամբ նախատեսված համակարգի վերաբերյալ, որը նախատեսում է քաղաքացիների ներգրավվածության երկու փուլ: Այս պահին համակարգին պարտադիր կմաս նակցեն պետական հատվածի աշխատակիցները, որոնց աշխատավարձերը 2014 թ. հուլիսի 1-ից բարձրացել են, և աշխատաշուկա առաջին անգամ մտնողները, իսկ երեք տարի անց այն պարտադիր կլինի բոլորի համար:

 

Էռնստ-Լյուդվիգ Դրայսը կարևորել և բարձր է գնահատել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ՀՀ կառավարությանը գործընթացի հաջող իրականացման հարցում:

 

Երկուստեք կարևորվել է կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ շարունակական քայլերի ձեռնարկումը: «Այս երկու-երեք ամսվա ընթացքում նոր կառավարությունը բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ բարեփոխումը մինչև վերջ իրականացնելու համար», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

ՀՀ վարչապետը և «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ կենսաթոշակային բարեփոխումը մեր երկրում հաջող իրականացնելու և ռեֆորմի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով: