Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է նման ձևաչափով հանդիպելու կազմակերպության նախաձեռնությունը և կառույցի նոր ծրագրերին ծանոթանալու ցանկություն հայտնել:
«Մայրություն» ՀԿ նախագահ Հ. Միքայելյանը, անդրադառնալով կազմակերպության գործունեությանը, ներկայացրել է հանրապետության սոցիալական որոշ խնդիրների վերաբերյալ իրենց ունեցած մտահոգությունները և դրանց հաղթահարման ուղղությամբ առաջարկություններ արել: Նա համախոհների անունից պատրաստակամություն է հայտնել առավել ակտիվորեն ներգրավվել պետական ծրագրերի իրագործման և երկրի հասարակական կյանքի աշխուժացման գործում:
Հանդիպման մասնակիցներին ներկայացնելով կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը' վարչապետը նշել է, որ հանրապետության իշխանությունները մեծ տեղ են հատկացնում հատկապես սոցիալական ծրագրերին: Ա. Հարությունյանի համոզմամբ՝ տնտեսական աճով են պայմանավորված երկրի սոցիալական երաշխիքները և տարբեր նախագծերի իրագործումը:
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ընդգծել է, թե կցանկանար, որ դրանք առավել տեսանելի լինեին կրթության և առողջապահության համակարգերում: Նա պատասխանել է կազմակերպության ներկայացուցիչների տարաբնույթ հարցերին:
Հանդիպման ավարտին վարչապետը մեկ անգամ ևս կարևորել է հայ կանանց ակտիվ դերակատարությունը հասարակական կյանքում և այդ համատեքստում ողջունել կազմակերպության գործելաոճը պետականաշինության, հասարակական դաշտի կայացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում: