Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր անունից շնորհավորել է տոնական ընդունելությանը մասնակցող գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Շնորհավորանքի խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

 

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

 

Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության անունից շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

 

2013 թվականը մեզ համար բարդ աշխատանքային տարի էր: Տարին ավարտում ենք տնտեսական աճի ցուցանիշներով, և առաջին հերթին այդ աճն ապահովել են արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Մենք ունենք լրջագույն հաջողություններ, որոնք արձանագրվել են ձեր շնորհիվ 2013 թվականին: Միևնույն ժամանակ ունենք ոլորտներ, որտեղ տնտեսական աճի ցուցանիշը բավական ցածր է, իսկ շինարարության ոլորտում նույնիսկ անկում ենք արձանագրել:

 

Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ այստեղ հավաքված մարդիկ կարող են արձանագրել, որ 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր: Մենք ձևավորել ենք համագործակցության նոր պլատֆորմ. պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի ձևավորման շնորհիվ բազմաթիվ ճյուղերում ունենք առաջընթաց: Ես ցանկանում եմ հիշատակել, առաջին հերթին, դեղագործությունը, կոնյակագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ աճի տեմպերը կայուն են և շարունակական: 2013 թվականի նոր ձեռքբերումների շարքը պետք է դասել դեղագործության ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան առաջին GMP ստանդարտի սերտիֆիկատի տրամադրումը հայկական ձեռնարկությանը: Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ այդ ապրանքի մեծ մասն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից, և այդ բնագավառում լուրջ պոտենցիալ ունենք:

 

Երկրորդ կարևորագույն նվաճումն այն է, որ առաջին անգամ մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցինք վենչուրային հիմնադրամ: Համոզված ենք, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ վենչուրային հիմնադրամի ձևավորումը նոր թափ է հաղորդելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Առաջին անգամ գործարկեցինք ազատ տնտեսական գոտին: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել առաջին ծրագիրը, որը գործելու է ազատ տնտեսական գոտում, և մենք ունենալու ենք հայկական պլանշետներ և հեռախոսներ, ինչն ապահովելու է նաև այդ ոլորտի առաջանցիկ զարգացման տեմպերը:

 

Դուք ինձնից ավելի լավ եք տեղեկացված ձեր ոլորտային հաջողություններին և կարծում եմ, որ այդ ամենը լուրջ հիմքեր է ստեղծում մեզ համար, որ 2014 թվականը տնտեսական առումով ավելի հաջող տարի լինի:

 

Հարգելի գործընկերներ,

 

ցանկանում եմ մաղթել ձեզ, որ 2014 թվականը հաջող տարի լինի ոչ միայն բիզնեսի ոլորտում, այլև ձեր ընտանիքներում, որովհետև ընտանիքի ամրությունն այն հուսալի երաշխիքն է, որը, մի կողմից, ստեղծում է ապագայի նկատմամբ լավատեսություն, մյուս կողմից՝ մեզ լրացուցիչ ուժ ու կարողություններ է տալիս՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և արձանագրելու նոր հաջողություններ:

 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»: