Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին և լսել նրանց առաջարկությունները բնակարանային ապահովման հարցի լուծման կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծումը, և այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են տարվում շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարն առաջարկել է, և նախաձեռնող խմբի ներկայացուցիչները համաձայնվել են, որպեսզի խմբից մեկ ներկայացուցիչ ներգրավվի այդ գործընթացում՝ աշխատանքային ձևաչափով խնդրի լուծման իրատեսական մեխանիզմները և տարբերակները քննարկելու նպատակով: