Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (ՏԻՄ) անդրադարձել է նաեւ միջազգային մամուլը:

 

Անգլիական Financial Times-ը գրում է, որ դեռեւս պաշտոնական տվյալները չհրապարակված' ՏԻՄ ընտրություններում իր գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակը տանելու մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված հայտարարությունն այն տպավորությունն է թողնում, որ նա շտապում է միջոցներ ձեռնարկել իր հակառակորդների դեմ, ինչպես հայտարարել էր: «Բացի այդ, Էրդողանը դրանով ազդարարում է նաեւ նախագահական ընտրությունն երին իր պատրաստ լինելու մասին», -նշում է թերթը:

 

The Guardian-ը գրում է, որ մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները դարձան «Էրդողանի ամբոխավարությունը չափող բարոմետր»: «Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի հաղթանակից հետո կգա դաժան հարշվեհարդարների շրջանը», -հավելում է թերթը:

 

The Washington Post-ը նշում է, որ «Էրդողանը նպատակադրվել է ՏԻՄ ընտրությունների միջոցով ազատվել դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից»:

 

The Tekegraph-ը զարմանք է հայտնում, որ, չնայած թուրքական կառավարության անդամների հետ կապված կոռուպցիոն սկանդալներին, ինտերնետի գրաքննությանը եւ զանգվածային բողոքներին, իշխող ԱԶԿ-ն առաջատր դուրս եկավ ՏԻՄ ընտրություններում:

 

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ բացահայտումների հետեւում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող արդի իսլամի գաղափարախոսակիր «գյուլենական համայնքի» հետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

Թուրքական ԶԼՄ-ների հրապարակած նախնական տվյալներով ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ն ստացել է ընտրողների ընդհանուր քվեների 44 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը' 26 տոկոսը, Ազգայնական շարժում կուսակցությունը' 18 տոկոսը, քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը' մոտ 5 տոկոսը:

 

Ըստ թուրքական մամուլի, ՏԻՄ ընտրություններում թուրքական իշխանությունները դիմել են նաեւ ընտրակեղծիքների: Որպես օրինակ նշվում է, որ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում բազմաբնակարան շենքի ընտրացուցակում դատարկ բնակարանում որպես ընտրող 40 մարդու ազգանուն է եղել նշված: Այդ խախտումը նկատած բնակիչները դիմել են ընտրական հանձնաժողով, բայց ոչ մի արդյունքի չեն հասել: