Լաթաքիայի հյուսիսային գյուղերում շարունակվում են բախումները սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, բախումները հատկապես թեժ են Սամրա գյուղի մերձակայքում: Կառավարական ուժերը պայքարը շարունակում են ռազմավարական կա րևոր նշանակության դիրք ունեցող ան Նասր լեռան վրայից:
Բանակն այժմ պայքարում է՝ ազատագրելու Սև աղբյուր շրջանը: Այն գրեթե ամբողջությամբ սիրիական բանակի հսկողության տակ է: Մարտեր են ընթանում դեպի Քեսաբ տանող փոքր անցուղին ազատագրելու ուղղությամբ, որով կփակվի ահաբեկիչների ճանապարհը:
Բանակը ռմբակոծում է Քուզ լեռան, Բեյթ Շուրուկ, Սաուդա շրջանների ուղղությամբ: Զինյալները լուրջ կորուստներ են կրել: «Սիրիան այսօր» աղբյուրի տեղեկացմամբ, մարտի 21-ից սպանված զինյալների թիվը կազմել է 2695, իսկ թուրքական հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների թիվը 5635 է:
Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայ շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկիկազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: