Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Սյունիքում գրանցված -3 աստիճան ցրտի պատճառով տուժել են մարզի ցածրադիր գոտիների' Մեղրիի, Կապանի տարածաշրջանների ու Գորիսի ցածրադիր հատվածների պտղատու այգիները' հիմնականում կորզավոր ծառատեսակները' ծիրանենիները, դեղձենիները, սալորենիները, բալենիները, կեռասենիները, որոնք արդեն ծաղկել են:

 

Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախնական հաշվարկներով' վնասը կազմում է 30-40 տոկոս: «Առաջիկա գիշեր եւս վտանգ կա, քանի որ տեղումները դադարել են եւ եղանակը պարզել է: Եթե օդի ջերմաստիճանը դարձյալ իջնի 0-ից ցածր, ինչպես կանխատեսել են օդերեւութաբանները, ապա վնասի չափը կմեծանա, չնայած ձեռնարկվելու են բոլոր ավանդական միջոցները ցրտահարությանը դիմակայելու համար», - ասաց վարչության պետը: Մարզպետարանը մարզի ամբողջ տար ածքում հսկողություն է իրականացնում, համապատասխան մասնագետները մարզի գյուղացիներին տրամադրել են խորհրդատվություն, տրվել են հրահանգներ' անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար: Վարչության պետի խոսքով' տեղացած ձյունը եւ սառնամանիքները վնաս չեն կարող հասցնել ոչ աշնանացանի, եւ ոչ էլ մասամբ կատարված գարնանացանի համար: Նրա հավաստմամբ' ձյունն ինչ-որ առումով դրական ազդեցություն կարող է ունենալ ցանքերի համար: