Այս տարվա ապրիլին Սյունիքում արձանագրված աննախադեպ ցրտահարությունից հետո, մարզի գյուղատնտեսությանը մեծ վնասներ է հասցրել նաեւ մայիս ու հունիս ամիսներին տեղացած կարկուտը: «Կարկտահարությունից տուժել են մարզի համարյա բոլոր համայնքները' մեկը շատ, մյուսը' փոքր-ինչ քիչ:

 

Կարկուտը տեղացել է մարզի բոլոր չորս' Սիսիանի, Գորիսի Կապանի ու Մեղրիի տարածաշրջաններում: Իսկ մինչ այդ մարզում, հիմնականում Մեղրիի տարածաշրջանում, ցրտահարությունից տուժել էին արդեն ծաղկած կորիզավոր պտղատու ծառերը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Ըստ վարչության պետի, կարկտահարությունից վնասվել են հիմնականում բանջարանաբոստանային կուլտուրաների' կաղամբի, լոլիկի սածիլները, լոբին, կարտոֆիլի ցանքսերն էլ որոշակի չափով վնասվել են, սա կայն դրանք վերականգնվելու հատկություն ունեն: Որոշակի չափով վնաս են կրել նաեւ պտղատու այգիները:

 

Կառավարությունն առայժմ կաջակցի մարզի ցրտահարությունից առավել տուժած 11 գյուղացիական տնտեսություններին' փոխհատուցելով նրանց հողի ու ոռոգման ջրի վարձերի դիմաց: Գյուղատնտեսական հետագա աշխատանքներին աջակցելու նպատակով շուկայականից անհամեմատ էժան գնով մարզ է ներկրվել 1933 տ ազոտական պարարտանյութ, ինչը բավարարում է մարզում առկա պահանջարկը: Ազոտական պարարտանյութը պարկը 6 հազար դրամով հասել է համայնքներ: Դիզվառելիքի խնդիր եւս մարզը չունի' ներկրվել է 1 մլն 500 հազ. լիտր դիզվառելիք, որից առայժմ իրացվել է 600 հազ. լիտրը' 1 լիտրի արժեքը 350 դրամով:

 

Վարչության պետի հավաստմամբ, չնայած խոտհնձի տեխնիկան մաշված է, սակայն այն ֆիզիկապես պատրաստ է աշխատանքներն իրականացնելու համար: