Օրերս Սիրիա մեկնած Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են իրենց բնակավայրից տեղահանված քեսաբահայերի օգնության համար փաթեթային աջակցության ծրագիր մշակել ու յուրաքանչյուր սցենարի դեպքում գործել' ըստ կարիքների: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հարցին թե ինչի՞ կարիք ունեն այս պահին Լաթաքիայում հաստատված քեսաբահայերը, պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ առաջնայինը ֆինանսական միջոցներով նրանց ապահովումն է: «Այս պահին առաջնային օջակցությունը կարող է լինել ֆինանսական օգնությունը: Լաթաքիան ակտիվ գործող քաղաք է, այնտեղ կյանքը նորմալ ընթացքի մեջ է, և մարդիկ, եթե գումար ունենան, կարող են ամեն ինչ ձեռք բերել»,-ասաց պատգամավորը' հավելելով, որ այս պահին աջակցություն կա, բայց որքան այնտեղ երկար մնան, գումարի կարիքն ավելի շատ կլինի: «Այս պահին կան գործող հիմնադրամներ, կարծում եմ' առաջիկայում կլինի հայտարարություն նոր հիմնադրամների ստեղծման մասին, որոնք դրամահավաք կիրականացնեն և Բեյրութի ճանապարհով օգնությունը մեր հայրենակիցներին կտրամադրեն»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով' այս պահին քեսաբահայերի կացարանի հարցը ժամանակավորապես լուծված է, և այժմ նրանք երազում են Քեսաբ վերադառնալու մասին: «Նրանք ասում են, որ եթե նույնիսկ մեկ-երկու ամիս պետք լինի, իրենք կքնեն քնապարկի մեջ, միայն թե հետո վերադառանան Քեսաբ: Սնունդն ապահովվում է, համայնքը, եկեղեցին տարբեր պայմաններ են ստեղծում: Պարզապես ուշ թե շուտ առաջանալու է երեխաների դպրոցի խնդիրը: Այսօրվա դրությամբ ամենաարագ օգնությունը գումարն է, իսկ հետագայի համար պետք է քննարկել ու սցենար-սցենար մտածել ու ըստ կարիքների օգնություն տրամադրել»,-նշեց Թևան Պողոսյանը:
Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ' մոտ 320 հայ ընտանիք օգտվում է սնունդից, առաջնային անհրաժեշտության պարագաներ են ստանում ներկայումս Լաթաքիայի հայկական եկեղեցուց:
Քեսաբահայերի հետ հանդիպած պատգամավորների խոսքով' Քեսաբ վերադառնալու և այն նորից ծաղկեցնելու հույսով են մարդիկ լցված: «Նրանք հասկանում են, որ Քեսաբ վերադառնալու պարագայում իրենց տնտեսությունն այն նույն վիճակում չի լինի, ինչ իրենք թողել են: Նրանք խնդրում են, որ մենք' Հայաստանի Հանրապետությունը, հայկական սփյուռքը հետագայում ամեն կերպ աջակցենք նրանց տնտեսությունը վերականգնելու համար»,-ասաց Թևան Պողոսյանը:
Խոսելով սեփական նախաձեռնությամբ Սիրիա մեկնելու և քեսաբահայերին տեսակցելու մասին' Թևան Պողոսյանը նշեց, որ գնալ, տեսնելը շատ կարևոր էր, ոչ միայն մարդկային տեսանկյունից, այլև նրանց օգնելու հետագա քայլեր մշակելու առումով: «Մենք որոշեցինք գնալ, փաստեր հավաքել և հասկանալ, թե ինչպես կարող ենք այդ ամենի հիման վրա առաջարկությունների ցանկ մշակել, որ Հայաստանը կարողանա տեր կանգնել ցանկացած երկրում վտանգի մեջ հայտնված հայերին»,-ասաց պատգամավորը' հույս հայտնելով, որ քեսաբահայության շուրջ համախմբված հայությունը կկարողանա հասնել նրան, որ Քեսաբը կվերադարձվի հայերին ու էլ երբեք տեղահանության խնդիր չի առաջանա: