ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 29-ին հանդիպել է Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թեւան Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ:

 

Պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրել ե ն Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները:

 

Նրանք տեղեկացրել են, որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, նաեւ' Լիբանանում, հանդիպել են հայ համայնքի, հոգեւոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ միջազգային հանրությունը համապատասխան քայլեր կձեռնարկի լարվածությունը թուլացնելու եւ տեղահանված հայությանը իրենց բնակավայրեր վերադարձնելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: ԱԺ նախագահը նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կկազմակերպվի քննարկում ԱԳՆ պատասխանատուների մասնակցությամբ: