Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, անդրադառնալով անկախ քաղաքականություն վարելու մասին Բաքվից հնչող «հավաստիացումներին», հայտարարել է, որ Ռուսաստանը խորապես «թքած» ունի Ադրբեջանի վրա, որը «կախված է նրա կարթից», եւ այդ պատճառով «անկախ» քաղաքականության Բաքվի նմանակումը ծիծաղելի է Մոսկվայի համար: Այս հայտարարությունն ադրբեջանցի քաղաքագետն արել է minval.az լրատվական կայքի հետ զրույցում:
Ալիզադեի խոսքով' վերցնելով Ղրիմը, Ռուսաստանն անհնարին է դարձրել Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, տարածքային հակամարտությունները խանգարում են նաեւ Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի անդամակցումը դաշինքին: «Այդ կանխիչ միջոցները, իր պատկերացմամբ, սեփական անվտանգության ապահովման համար են: Անձնական ոչինչ չկա, դա միայն բիզնես է»,- գտնում է Ալիզադեն:
Ըստ քաղաքագետի' Կիեւն ասում է, որ երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով Ուկրաինան պետք է գնա ՆԱՏՕ: «Իսկ ի՞նչ է այդ մասին մտածում ՆԱՏՕ-ն: Արդյոք այդ կազմակերպությունը ցանկանո՞ւմ է Ուկրաինայի պատճառով բախման գնալ նման վտանգավոր երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանն է: Ուկրաինական հեղափոխության, Մայդանի առաջնորդները ցուցադրեցին իրենց բացարձակ անպատասխանատվությունը, եւ այդ իմաստով նրանք շատ քիչ են տարբերվում ադրբեջանական «Ժողովրդական ճակատի» առաջնորդներից, ովքեր նույնպես հաշվի չնստեցին իրականության հետ: Հակառուսական հռետորաբա նությամբ, ՆԱՏՕ մտնելու կոչերով հասան նրան, որ արդյունքում Ռուսաստանը վերցրեց Ղրիմը», -ասել է նա:
Փորձագետի խոսքով' Ռուսաստանը հոյակապ գիտի նման մասշտաբի միջազգային կազմակերպություններ երկրների մտնելու գործառույթը: «Երկիրը կարող է երկար թակել միջազգային կազմակերպության դուռը, եւ նրա համար ոչ ոք չի բացի այդ դուռը: Ուշադրություն դարձրեք' ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ինչքա՞ն ժամանակ է թակում Եվրամիության դռները: Ռուսաստանի հետ հակամարտություն Արեւմուտքին պետք չէ», -գտնում է Ալիզադեն:
Խոսելով այն հայտարարությունների մասին, թե Ադրբեջանը «պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ դա չի անդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Նա ասել է, որ Ռուսաստանը «խորապես թքած ունի Ադրբեջանի վրա», եւ որ երկիրը կախված է Կրեմլի կարթից:
Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանի կողմից թվացյալ անկախ քաղաքականություն վարելուն նմանակող տարբեր մարմնաշարժումները ծիծաղելի են Ռուսաստանի համար, եւ ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում: Անդրադառնալով ղարաբաղյան, աբխազական եւ հարավօսեթական հակամարտությունների միջեւ զուգահեռներին, ադրբեջանցի քաղաքագետը հայտարարել է, որ ըստ էության, դրանք բոլորը միատեսակ են: