Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ Թուրքիան կարող է կանոնավոր բանակ ուղարկել Սիրիա և պատերազմ սկսել վերջինիս հետ: Քաղաքագետը նման տեսակետ հայտնեց ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Թուրքիայում ավարտված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո երկրի վարչապետ Էրդողանն իր ելույթում առաջինը նշեց, որ Թուրքիան պատերազմական վիճակում է Սիրիայի հետ, և այս հայտարարությու նից հետո չի բացառվում, որ կողմերի միջև կարող է պատերազմ սկսվել»,- նշեց նա:

 

Քաղաքագետն ընդգծեց, որ Թուրքիան այսպես թե այնպես մասնակցում է սիրիական հակամարտությանը, սակայն առաջիկայում հնարավոր է, որ կանոնավոր բանակ ուղարկի այդ երկիր: «Դրա համար պատճառ գտնելն այնքան էլ բարդ չի լինի, և եթե կարիք լինի, Թուրքիան կգտնի այդ պատճառը»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:

 

Թուրքիան, սակայն, կվախենա լայնածավալ պատերազմ սկսել Սիրիայի հետ, քանի որ այդ դեպքում կարող է արձագանքել նաև Իրանը, որը հիմա էլ զենքով և զինվորներով օգնում է Սիրիայի իշխանություններին: Քաղաքագետի կարծիքով՝ եթե Թուրքիայի և Սիրիայի միջև պատերազմ սկսվի, այն ոչ թե լայնածավալ, այլ սահմանափակ բնույթ կկրի: