Սիրիայի Աֆրինի շրջանում, որտեղ թուրքական զորքերն իրականացնում են «Ձիթենու ճյուղ» գործողությունը, քրդական ուժերի հետ բախման հետևանքով թուրք զինվորներ են սպանվել:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Աֆրինի շրջանի Հաջ Բիլալ գյուղի Քել Թեփե տեղանքում քրդական ուժերի հետ բախման ժամանակ թուրքական կողմից 8 զինվոր սպանվել է, 26 ոստիկան, գյուղական պահապան և զինվոր էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրինի շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: