Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կենտրոնական բանկում կայացած խորհրդակցության ժամանակ: «Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին: Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը: Վեց տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար: Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»,-ասել է Նախագահը:

 

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը հետեւյալ գրառումն է կատարել Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել'մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակա լությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

 

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն' հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո' քսանօրյա ժամկետում: